Կստեղծվի Հայաստանի ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիա
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիայի անդամներ՝ Մոսկվայի սպորտկոմիտեի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանին, մարզաձևի առաջատար մասնագետներ Օլգա Սբիտնևային և Իվան Յուդինին:
Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևի զարգացման հարցեր:
«Այս տարվա մարտ ամսին, երբ սպորտային պարերի, ակրոբատիկայի, գեղարվեստական մարմնամարզության և գեղասահքի ֆեդերացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ, մեր նախարարությունում տեղի ունեցավ առաջին քննարկումը, չէինք էլ կարող պատկերացնել, որ հնարավոր կլինի հավաքել այս գեղեցիկ մարզաձևով այսքան շատ հետաքրքրվողների: Սակայն փաստ է, որ այսօր Հայաստանում շատ են ակրոբատիկական ռոքնռոլով զբաղվել ցանկացողները»,- հյուրերին տեղեկացրել է նախարարը:
Նրա խոսքերով, այս՝ նախնական փուլում, ռուս մասնագետների հետ համագործակցությունը հնարավորության կտա ստեղծել Հայաստանի ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիա, որն էլ կզբաղվի մարզաձևի զարգացմամբ:
«Անհրաժեշտ է ստեղծել ամուր և կայուն հիմք, որի վրա հնարավոր կլինի ապահովել մարզաձևի հետագա զարգացումը: Այդ նպատակով նախատեսում ենք կազմակերպել սեմինարներ՝ առաջատար ռուս մասնագետների մասնակցությամբ և այդ հարցում ակնկալում ենք ձեր օգնությունը»,- ասել է Հ. Ռոստոմյանը:
ՌԴ ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիայի անդամներն այսօր են ժամանել Երևան և արդեն հասցրել են մարզումներ անցկացնել: Նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է հյուրերի հրավերը և խոստացել՝ ներկա գտնվել վաղը կայանալիք մարզումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան