Փոխնախարարը՝ գերատեսչություններին տրամադրվող բյուջետային գումարների մասին
«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված ծախսերի մասով ֆինանսական ցուցանիշներն այսօր խորհրդարանում ներկայացնելով, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից 2018 թվականին սպասվում է բյուջետային 16 ծրագրի իրականացում։
«Ընդհանուր առմամբ, միջոցները, որոնք նախատեսվել են նախարարության համար, շուրջ 3 մլրդ 22 մլն դրամ է, այստեղ որոշակի աճ կա 2017 թվականի համեմատ՝ 430 մլն դրամի չափով։ Հիմնական տեսակարար կշիռ ունեցող մասը ծախսերի ծրագրի մեջ պետական ապարատի պահպանումն է»,- ասաց հիմնական զեկուցողը։
Ըստ նրա, 2018 թվականի բյուջեով Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը նախատեսվել է մոտավոր 87,1 մլրդ դրամի հատկացում։
Ջանջուղազյանը հատկանշական համարեց, որ այս ոլորտում հիմնական ծրագրերը ֆինանսավորվել են արտաքին աղբյուրներից։ Ընդամենը 3 ծրագիր է, որոնք իրականացվում են ներքին ռեսուրսների հաշվին։
«Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համար 2018-ի բյուջեի նախագծում նախատեսված է շուրջ 52, 6 մլրդ դրամի միջոցների օգտագործում, այս նույնպես էական կշիռ ունի ընդհանուր ծախսերի մեջ։ Ներքին ռեսուրսների հաշվին նախատեսվում է 17 մլրդ դրամ։ Հիմնական միջոցները տրամադրվելու են տրանսպորտի և ճանապարհների ծախսերի համար»,- ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, նշեց, որ այս մարմինը այլ ծրագրեր չի իրականացնում, ըստ էության, միայն պետական մարմնի պահպանության ծրագիրն է նախատեսված. «Բյուջեն կազմված է օրենսդրության պահանջներին համապատասխան։ Օրենսդրությունը նախատեսում է, որ կհաշվարկվի աշխատավարձը, որի համար հիմք է հանդիսանում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքը։
Նրա խոսքով՝ ՏՄՊՊՀ-ի դեպքում նույնպես օրենսդրությանը համապատասխան հաշվարկվել է և 2018-ի բյուջեի նախագծում ներառվել է այն ֆինանսական ցուցանիշները, որը ենթադրում է, որ կապահովի հանձնաժողովի հնարավոր լիարժեք գործունեությունը։ Ընդամենը 313,3 մլն դրամ է նախատեսվել հանձնաժողովի ծախսերի համար։
«Կադաստրի պետական կոմիտեին կտրամադրվի 3.7 մլրդ դրամ, որը հիմնականում կծախսվի աշխատավարձերի վրա: Քաղաքաշինության պետական կոմիտեի համար բյուջեի նախագծով նախատեսվել է 3,8 մլրդ դրամ, այստեղ բոլորը ներքին ռեսուրսների հաշվին իրականացվող ծրագրեր են։ Ջրային տնտեսությունների պետական կոմիտեի համար նախատեսված միջոցներն են՝ 34,4 մլրդ դրամ, այս դեպքում նույնպես զգալի է արտաքին միջոցներով իրականացվող միջոցառումների ծավալը»,- եզրափակեց Ատոմ Ջանջուղազյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պետական բյուջեի եկամուտների կանխատեսումները կատարվել են հաշվի առնելով երեք գործոն. Ջանջուղազյան
- 2018 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ում բյուջեի պակասորդի նվազում. ԿԲ նախագահ
- Նվազագույն աշխատավարձերի բարձրացումն անխուսափելի է, բայց հարց է ինչպե՞ս և ե՞րբ. ֆինանսների նախարար
- 2018-ին ակնկալվում է 4.5 տոկոս տնտեսական աճ. Վարդան Արամյան
- Համոզված եմ, որ կունենանք մեր երկրի շահերը լավագույնս արտահայտող բյուջե. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան