Գյուղապետի թեկնածու. Մեր պայքարը կշարունակենք հենց կառավարության շենքի դիմաց
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարի թեկնածու Հակոբ Ավետյանի նախընտրական շտաբն այսօր հայտարարություն է տարածել՝ այն հասցեագրելով ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ պաշտպանության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության և գիտության նախարարներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ԿԸՀ նախագահին:
Հայտարարության մեջ ասված է.
«Ս.թ. նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, Գեղամասար համայնքում մեկնարկած նախընտրական-քարոզչական գործընթացները հատկապես վերջին օրերին սկսել են ստանալ քաղաքակիրթ ընտրապայքարի տրամաբանությանը հակոտնյա, խիստ մտահոգիչ դրսևորումներ, որոնք, ըստ մեր համոզման՝ նպատակ ունեն թեկուզ ՀՀ կառա-վարության որդեգրած համայնքների խոշորացման ռազմավարությունը հիմնովին վարկաբեկելու գնով, ընտրվելու ապօրինի ուղիներ հարթել Հակոբ Ավետյանի մրցակից Զոյա Գևորգյանի համար:
Գեղամասար համայնքի կազմում «փնջային» սկզբունքով միավորված 18 գյուղերից, ասել է թե՝ մեր ողջ ընտրատարածքից, ամեն օր Հակոբ Ավետյանի նախընտրական շտաբը փաստարկված ահազանգեր է ստանում այն մասին, որ Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանի գլխավորությամբ, մարզի պետական կառույցները բացահայտորեն և պարկեշտության բոլոր նորմերը ոտնահարող ինքնավստահությամբ, ձեռնամուխ են եղել Զոյա Գևորգյանի օգտին ընտրաքվեների ապահովմանը: Դա, իհարկե, իրականացվում է վարչական լծակների անթաքույց կիրառմամբ, այն է՝ շարքային ընտրողին ՙհետագա վատ հետևանքներով՚ սպառնալու, ահաբեկելու և ընտրակաշառք խոստանալու ճանապարհով: Բանը նույնիսկ այնտեղ է հասել, որ նորաթուխ մարզպետ Կ. Բոթոյանը, կորպուսի հրամանատարի հետ հոկտեմբերի 25-ին այցելել է Գեղամասարի պայմանագրային զորամաս, հանդիպել հրամկազմին և պայմանագրային զինծառայողներին հրահանգել նոյեմբերի 5-ին ընտրել Զոյա Գևորգյանին: Ամեն օր սահմանի վրա իրենց կյանքը վտանգող պայմանագրային զինծառայողներին, ովքեր ընտանիքի օրվա հացը վաստակում են նման ծանր և շնորհակալ աշխատանքով, բառացի ասվել է, որ հրահանգին հակառակ գնալու պարագայում, նրանց համար շատ արագ իրական կդառնա աշխատանքից զրկվելու հեռանկարը: Սա էլ քիչ համարելով՝ օրերս Գեղարքունիքի մարզպետը իր էությանը ոչ հարիր ինքնավստահությամբ հայտարարել է. «Փող էլ ենք բաժանելու, ամեն ինչ անելու ենք Զոյայի համար… Ով կարա ինձ խանգարի… »:
Ինչ վերաբերում է պետական այլ կառույցների կողմից իրականացվող նախընտրական ապօրինություններին, ապա, հաշվի առնելով դրանց բազմազանությունը, մատնանշում ենք դրանցից միայն մեկ-երկուսը: Մեզ բազմիցս ահազանգել և դեռ ահազանգում են այն մասին, որ ընտրողների տներ են այցելում ՙՓարոս՚-ի ներկայացուցիչները, հրամայական տոնով հորդորում իրենց քվեն տալ Զոյա Գևորգյանին՝ խոստանալով հակառակ պարագայում նրանց զրկել նպաստից և ապագա բոլոր հնարավոր պետական օգնություններից: Ահազանգերի մի զգալի մասը հնչեցրել են մեր ենթաշրջանի դպրոցների ուսուցիչները և բուժաշխատողները, որոնց տնօրենները հայտնել են ՙվերադասից ստացված խիստ հրահանգի մասին՚ և, իրենք էլ, իրենց հերթին, ուղղակիորեն հրամայել, որ ՙավելորդ բարդություններից խուսափելու համար՚ ընտանյոք հանդերձ գնան և քվեարկեն Զոյա Գևորգյանի օգտին: Հատկանշական է Գեղամասար համայնքում գրանցված դեպքը. հոկտեմբերի 27-ին դպրոցի աշակերտները տնօրենի կարգադրությամբ տուն են ուղարկվել վաղաժամ՝ ուսուցչական կազմին ստիպողաբար Զոյա Գևորգյանի հետ հանդիպման տանելու նպատակով:
Մարզպետի ներկայացուցիչները գյուղերում լուրեր են տարածում այն մասին, թե իրենց «ախպոր» կամքին չենթարկվողները կամ կալանավորվելու և դատվելու են, կամ, լա-վագույն դեպքում՝ աշխատանքից հեռացվելու և վտարվելու են համայնքից: Տարածքի կրիմինալ էլեմենտները, իրենց հերթին, շրջելով գյուղերում, ասում են, թե Զոյա Գևորգյանի ընտրվելը իրենց «ախպեր Բոթոյանի ու պատգամավոր Ռաֆիկի թասիբի հարցն է»:
Խնդրում ենք ՀՀ վարչապետին բացատրել՝ միթե սա է երախտագիտության այն ձևը, որով մեր տարածաշրջանի ժողովրդին պատասխան է տրվում ԱԺ ընտրությունների ժամանակ նրանց ապահոված 80 տոկոս ձայների դիմաց: Արժե նաև հստակ պատասխան տալ շարքային ընտրողների արդարացի հարցին՝ իրենց քվեների հաշվին պատգամավոր, ապա մարզպետ դարձած Բոթոյանը ով է իրենց համար՝ ինչ-որ մեկի «լավ ախպեր», ոստիկան, դատավոր, թե ոմն անթագակիր իշխանիկ, որ իրեն թույլ է տալիս հայտարարություններ կատարել մարդկանց կալանավորելու կամ դատելու մասին: Նա հավանաբար կարծում է, թե մարզն իր գնած տարածքն է, իսկ գյուղացիներն՝ իր ճորտերը, որոնք կամ պետք է բավարարեն իր ցանկությունները, կամ, հակառակ պարագայում, լքեն իր «կալվածքը»: Հույս ունենք, որ մեր ահազանգին օպերատիվ կերպով կարձագանքի նաև ՀՀ ԱԱԾ-ի տնօրենը, քանզի, մեր համոզմամբ, վերոշարադրյալ փաստերն իրենց մեջ պարունակում են ազգային անվտանգությանն առնչվող հստակ հատկանիշներ:
Նմանօրինակ ապօրինությունների թվարկումը կարելի էր շարունակել երկար: Վստահ ենք, սակայն, որ ասվածն արդեն իսկ բավարար է՝ համայնքապետի ընտրությունների նախօրեին Գեղամասարում տիրող անառողջ մթնոլորտը և դրանից բխող բոլոր վտանգները պատկերացնելու համար: Հետևապես, պահանջում և կոչ ենք անում ՀՀ գործադիր և իրավասու մյուս պետական մարմիններին՝ առավելագույնս օպերատիվ կերպով քննության առնել վերոնշյալ ապօրինությունները և կանխարգելիչ քայլերով ի սպառ բացառել նոյեմբերի 5-ի ընտրություններին ընդառաջ դրանց հետագա տարածումը խոշորացված Գեղամասարին մաս կազմող բոլոր 18 գյուղերում:
Համապատասխան երաշխիքներ չստանալու դեպքում, նոյեմբերի 2-ին՝ ՀՀ կառավարության հերթական նիստի օրը, մեր պայքարը կշարունակենք հենց կառավարության շենքի դիմաց»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները