Հայաստանում ծխախոտի արտադրությունը 15.1%-ով աճել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 15.1%-ով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել 16 մլն 066.7
հազար հատ սիգարետ, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ 18 մլն 496.6 հազար հատ:
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում կազմել է 14.3%:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է: