Ստեփանակերտում կայացավ ՊԲ տեխնիկապես վերազինված տեղեկատվական կենտրոնի բացումը
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ստեփանակետում կայացավ «Յուքոմ» ընկերության և «ՊանԱրմենիան մեդիա գրուպի» օժանդակությամբ տեխնիկապես վերազինված ՊԲ տեղեկատվական կենտրոնի բացման արարողությունը։
Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացակայանը նշեց, որ տեխնիկական վերազինումից հետո լրագրողների համար աշխատանքի ավելի հարմարավետ և արդյունավետ պայմաններ են ստեղծել։ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց «Յուքոմ» ընկերության և «ՊանԱրմենիան մեդիա գրուպի» ղեկավարներին արդյունավետ համագործակցության և կարևորագույն խնդիրների լուծման հարցում օժանդակություն ցուցաբերելու համար։
«Յուքոմ» ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատերազմող երկրի համար տեղեկատվության օպերատիվությունը խիստ կարևոր հարց է, ուստի իրենք աջակցել են տեղեկատվական կենտրոնի տեխնիկական վերազինման ու արդիականացման հարցում։
Ներկայացնելով Արցախում «Յուքոմ»-ի կողմից իրականացվող ծրագրերը՝ Խաչատրյանը նշեց, որ զգալի աշխատանքներ են իրականացվել շփման գծի ամրացման ուղղությամբ։
«Արցախի սահմանների ամրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում շոշափելի արդյունքներ, իհարկե, ունենք, բայց դրանք բավարար չեն»,-նշեց Խաչատրյանը՝ հրաժարվելով ներկայացնել այլ մանրամասներ․ «Կան առանձնահատկություններ, որոնց մասին չենք կարող խոսել, բաց գոհացնող արդյունքներ ունենք և այդ ծրագրերը պարբերական բնույթ են կրելու»։
«ՊանԱրմենիան մեդիա գրուպի» գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանը նշեց. «ՊանԱրմենիան մեդիա գրուպը» մշտապես պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտական ողջ կարողությունները ուղղել Արցախ՝ ինչպես տեղում համապատասխան մասնագետների վերպատրաստման, այնպես էլ «ՊանԱրմենիան մեդիա դպրոցում» արցախցի ուսանողների համար դասընթացներ կազմակերպելու հարցում։
«Մենք մեր ուժերի ներածի չափով փորձում ենք օգտակար լինեն Արցախին»,-ընդգծեց Արզումանյանը։
Արմեն Արզումանյանն ու Գուրգեն Խաչատրյանը նաև առանձնազրույց են ունեցել Պաշտպանության բանակի հրամանատարի հետ, որի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՊԲ տեղեկատվական համակարգի տեխնիկական և մարդկային կարողությունների մշտական արդիականացման հարցում ինստիտուցիոնալ համագործակցության շուրջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում