Շարմազանով. Հայաստանը և Արցախը խաղաղության և կրոնական համերաշխության ջատագովներ են
«Տևական խաղաղությունն ու կայունությունը կհաղթանակեն այն դեպքում, երբ միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի զուգակցությամբ գտնվի հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի լուծում»: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շորմազանովը՝ ելույթ ունենալով Էջմիածնում անցկացվող «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հնարավորություններ» համաժողովի բացմանը:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, նա ընդգծել է՝ բոլոր կողմերը պարտավոր են հարգել Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը:
«Առ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը մերժում է ոչ միայն այդ իրավունքը, այլ նաև բարբարոսաբար վերացնում է հայկական քրիստոնեական հոգևոր ժառանգության տասնյակ հազարավոր նմուշները, ինչպես օրինակ՝ Նոր Ջուղայի խաչքարերը, և փորձում այս հակամարտությանը տալ կրոնական երանգ: Հայաստանը և Արցախը խաղաղության և կրոնական համերաշխության ջատագովներ են և դատապարտում են այս հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու ադրբեջանական փորձերը»,-ասել է ԱԺ փոխնախագահը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական ընդհատված երկխոսությանը, ապա, նա ցավ է հայտնել, որ դրական տեղաշարժեր այս պահին չկան, ինչը, իհարկե, չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանը:
«Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը շարունակում է ժխտողականության և նախապայմաններ պարտադրելու քաղաքականությունը, որը մեզ համար երբեք չի կարող ընդունելի լինել և հակասում է տարածաշրջանային խաղաղության և կայունության մեր տեսլականին»,-ասել է Է. Շորմազանովը:
Նա նշել է, որ այսօր Էջմիածնում են են հավաքվել տարբեր կրոնների, ազգերի, քաղաքական համոզմունքների, նախասիրությունների ներկայացուցիչներ:
«Չեմ կարող չօգտագործել առիթը և չընդգծել այն ներդրումը, որն ունի խաղաղության հաստատման գերբարդ գործում Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով պարբերաբար հանդիպում է Հարավային Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ՝ Նորին Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: Տարածաշրջանի ժողովուրդներն ուշադրությամբ հետևում են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ու կրոնական առաջնորդների հանդիպումներին՝ ակնկալելով դրական տեղաշարժեր խաղաղության այդ փնտրտուքում»,-ասել է նա ու ցավ հայտնել, որ միջազգային ասպարեզում և մեր մեծ տարածաշրջանում լարվածության հին օջախներին գումարվում են նորերը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան