Սիրիան ակնկալում է Հայաստանի հետ տուրիստական փոխայցելությունների աշխուժացում. Բուշր Յազջի
«Չնայած ահաբեկչական պատերազմի հետևանքով զբոսաշրջության անկմանը՝ Սիրիան ակտիվ աշխատանքներ է իրականացնում ոլորտի վերականգնման ուղղությամբ և ակնկալում է բարեկամ երկրների, հատկապես Հայաստանի հետ տուրիստական փոխայցելությունների աշխուժացում»,- ասել է Սիրիայի Արաբական Հանրապետության զբոսաշրջության նախարար Բուշր Յազջին նախօրեին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությանն ընդունելու ժամանակ:
Կողմերը համակարծիք են եղել, որ զբոսաշրջության ոլորտը զարգացնեու համար առկա են բարենպաստ նախապայմաններ, մասնավորապես՝ ընթացիկ տարվա հունիսի 28-ից գործող Դամասկոս-Երևան չվերթը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, ընդլայնված կազմով ՀՀ և ՍԱՀ պատվիրակությունների նիստում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, ինչպես նաև ուրվագծել այդ բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները:
Նիստի ընթացքում ՀՀ պատվիրակությանը ցուցադրվել են Սիրիայի զբոսաշրջության շրջանների մասին կարճ տեսահոլովակներ:
Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությանը նախօրեին ընդունել է նաև Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Մուհամմադ Սամեր Խալիլը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են գործնական մի շարք քայլեր երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում տնտեսական փոխգործակցությունն աշխուժացնելու նպատակով, ինչպես նաև մտքեր են փոխանակել Սիրիայի վերականգնման ծրագրերում Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու նախարարություներում ստեղծել մասնագիտացված խմբեր, որոնք կաշխատեն ծրագրերի նախագծման վրա: Արդյունավետ առևտրատնտեսական գործակցությանը նպաստելու համար կողմերը համաձայնել են փոխանակել ապրանքների և արտադրանքի ցուցակները, որոնք առավել մեծ պահանջարկ ունեն երկու երկրների սպառողական շուկաներում: Կողմերը նաև պայմանավորվել են Դամասկոսում և Երևանում անցկացնել Սիրիայի և Հայաստանի արդյունաբերական և զբոսաշրջային շաբաթներ:
Նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Դամասկոսի Հայ առաքելական թեմի առաջնորդ Արմաշ արքիեպիսկոպոս Նալբանդյանի և Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարը համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրել է Սիրիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և տարբեր պաշտոնյաների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքների մասին: Նա նշել է, որ ուրվագծվել են նախադրյալներ՝ ստեղծելու համատեղ արտադրություններ և սիրիացի գործարարներին հնարավորություն ընձեռելու, Հայաստանում արտադրություն ծավալելով, մուտք գործել ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ: Ջերմ և անմիջական մթնոլորտում նախարարը ներկաների հետ քննարկել է համայնքի խնդիրները, ինչպես նաև պատասխանել է դամասկոսահայությանը հուզող հարցերին:
Սիրիա կատարած այցի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ՍԱՀ ներդրումների հիմնարկությունում և Սիրիայի առևտրաարդյունաբերական պալատում:
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ներուժը դեռևս հավուր պատշաճի իրացված չէ. Կարայան
- Լիբանանցի ներդրողներին հետաքրքրել են Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնավարությունները
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում