
Բնապահպանության նախարարությունն արգելելու է 22 գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը. «Ժողովուրդ»
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի ղեկավարած բնապահպանության նախարարությունը մտադիր է առաջիկայում արգելել Հայաստանի 22 գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Պատճառը ՀԷԿ-երի կողմից գետերին հասցված էկոլոգիական վնասներն են: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«ՀԷԿ-եր արգելվում է կառուցել նաև այն գետերի վրա, որտեղ արդեն իսկ գործող ՀԷԿ-եր ունեն ՀՅԴ բարձրաստիճան դեմքերը՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Այդ գետերի վրա ՀԷԿ ունի անգամ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ընտանիքը, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «Ջերմուկ»-ի Արսենյանը: Ու արդյունքում հետաքրքիր վիճակ է ստեղծվել. ՀՀ ԲՆ-ն այսպես փորձում է փրկել ՀԷԿ-երի առատության հետևանքով սպասվող բնապահպանական հնարավոր աղետը, միաժամանակ նաև «կանաչ լույս է վառում» գործող ՀԷԿ-երի համար, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, և եղած ՀԷԿ-երը չեն փակվի»,-գրել է թերթը: