Նժդեհը ֆաշիզմին այնքան է մոտ, ինչքան Հիտլերը՝ մարդասիրությանը. Շարմազանով
«Բոլորս դատապարտում ենք ֆաշիզմը, նացիզմը, և Հայաստանում չկա մի բանական մարդ, որը կպաշտպանի կամ կհերոսացնի ֆաշիզմը: Պատահական չէ, որ հայ ժողովրդի 600 հազար զավակներ գնացին պատերազմ ու նրանցից ամեն երկրորդը չվերադարձավ»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Գարեգին Նժդեհի դեմ վերջին օրերին հնչած քննադատության մասին:
Ըստ նրա ՝ հայ ժողովուրդը իր մեծ ներդրումն է ունեցել ֆաշիզմի ու նացիզմի դեմ տարած հաղթանակում։
Անդրադառնալով Նժդեհին ֆաշիզմի հետ նույնացնող հայտարարություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Նժդեհին ֆաշիզմի հետ նույնացնելը նույնն է, թե նույնացնել հիտլերիզմն ու մարդասիրությունը։
«Նժդեհը ֆաշիզմին այնքան է մոտ, ինչքան Հիտլերը՝ մարդասիրությանը։ Նժդեհը հայ ազգի մեծագույն հերոսներից մեկն է և բացառապես մեր պարտքն է մեծարել մեր ազգային հերոսներին։ Ինչպես Ալեքսանդր Նևսկին, Միխայիլ Կուտուզովը, Ալեքսանդր Սուվորովն են ռուս բարեկամ ժողովրդի հերոսները, այնպես էլ Գարեգին Նժդեհն է հայ ազգի մեծագույն հերոսներից մեկը», - նշեց Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակը ռուս փորձագետներին խորհուրդ տվեց քննադատել Մոլոտովից մինչև Ստալին ողջ պոլիտբյուրոն։
Այսպիսով, Շարմազանովը կատարյալ տգիտություն է համարում այդ հայտարարությունները։ «Նժդեհը հակառուս չի եղել, ունեցել է բարձր կարծիք ռուս ժողովրդի մասին և ոչ մի կապ չունի ֆաշիզմի հետ»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ հայ և ռուս ժողովրդի բարեկամությունը աներկբա է. «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն աներկբա է, իսկ բոլոր նրանք, որոնք փորձում են Նժդեհին ներկայացնել որպես ֆաշիստ, նրանք հաստատ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների թշնամիներն են և սնվում են Հայաստանից արևելք ընկած նավթադոլարներով: Նժդեհը մեր ազգային հերոսն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան