Արա Սաղաթելյան. ԱԺ նոր դերը թելադրում է նոր իրողություններ
Կես մլրդ դրամով ավելացել է ԱԺ-ին հատկացված գումարը: Այս մասին հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը՝ արձագանքելով «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի հարցին:
Հիշեցնենք, որ խորհրդարանում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ Մարուքյանն ասաց՝ պետական բյուջեից պետք է երևար, որ Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման:
«Դա ես չեմ տեսնում: Խորհրդարանին մեկ մլրդ դրամ քիչ գումար է հատկացվել, քանի որ այն ստացել է վերահսկողական նոր ֆունկցիաներ: Խորհրդարանի կարողությունները պետք է բարձրացվեր, որպեսզի խորհրդարանը կարողանար այդ գործն անել»,-նկատել էր Մարուքյանը:
Ներկայացնելով 2018-ի բյուջեի նախագիծը՝ Արա Սաղաթելյանը մանրամասնեց, որ ԱԺ բյուջեն կազմված է չորս ծրագրերից և կազմում է 4 մլրդ 585 մլն 513 հազար դրամ: Այդ ծրագրերից առաջինն ԱԺ աշխատակազմի ու պատգամավորների պահպանումն է, որի համար հատկացված է 4 մլրդ 376 մլն 100 հազար դրամ: Հաջորդ ծրագիրը միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցությունն է, դրա համար նախատեսված է հատկացնել 164 մլն 901 հազար դրամ, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման համար՝ 1 մլն 211 հազար դրամ, ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացման համար՝ 43 մլն դրամ:
Սաղաթելյանը հիշեցրեց, որ նախորդ տարի վերջին ծրագրով որևէ հատկացում չի եղել, իսկ չորս ծրագրերով հատկացված գումարը նախորդ տարվա համեմատ ավելացել է 233 մլն դրամով: ԱԺ աշխատակազմի ու պատգամավորների պահպանում ծրագրի շրջանակում ընթացիկ վերանորոգում է իրականացվելու ԱԺ մոտ հազար քմ տարածքում, դրա համար նախատեսված է մոտ 97 մլն դրամ՝ նախորդ տարվա 12 մլն-ի փոխարեն:
«ԱԺ նոր դերը թելադրում է նոր իրողություններ, և պառլամենտական դիվանագիտության, միջազգային կազմակերպություններում առավել ներգրավվածության, ակտիվության, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերի գծով ունենք ավելացումներ»,-նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը:
Նաև ներկայացրեց, որ 2018-ի բյուջեի նախագծով արտասահմանյան գործուղումների համար հատկացված է 650 մլն դրամ՝ նախորդ տարվա 350 մլն դրամի փոխարեն:
«2018-ի բյուջեի նախագծով 255 մլն դրամով կրճատվել է աշխատավարձի ֆոնդը: Դա բացատրվում է պատգամավորների թվի կրճատմամբ և աշխատակազմում տեղի ունեցած կրճատումներով»,-մանրամասնեց Սաղաթելյանը:
Նա ուշադրություն հրավիրեց աշխատակազմի կարողությունների զարգացման ծրագրին, որի նպատակը տեխնիկական պայմանների բարելավումն է:
Անդրադառնալով առաջիկա անելիքներին, աշխատակազմի ղեկավարը նշեց, որ ակտիվացնելու են խորհրդարանական դիվանագիտությունը, բարեկամական խմբերի աշխատանքը կանցնի որակապես նոր փուլի, զգալիորեն կարդիականացվի ու կբարելավվի պատգամավորների աշխատակազմի գործունեության նյութատեխնիկական պայմանները, Սահմանադրությամբ Ազգային ժողովի նոր դերին համահունչ կձևավորվի արդիական տեղեկատվական միջավայր՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ և կզարգացվի տեղեկատվական ու վերլուծական բաղադրիչը, կավարտվի էլեկտրոնային համակարգերի ներդրումը և այլն:
Հարակից հրապարակումներ`
- Որոշակի հաշվարկների համար հիմք է հանդիսացել նոր Սահմանադրությունը. Արմեն Գևորգյան
- Նախագահի աշխատակազմի պահպանման համար անհրաժեշտ միջոցները կնվազեն 64 մլն-ով. Ատոմ Ջանջուղազյան
- Համոզված եմ, որ կունենանք մեր երկրի շահերը լավագույնս արտահայտող բյուջե. ՀՀ վարչապետ