Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումն ավելացնում է Հայաստանի մանևրի հնարավորությունը. իրանագետ
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գոյությունն այլևս իրողություն է։ Երկաթգծի կառուցման միջկառավարական համաձայնագիրը, որը երեք երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև ստորագրվել էր դեռևս 2007թվականի փետրվարի 7-ին, օրեր առաջ կյանքի է կոչել ևս մեկ նախագիծ, որը կրկին շրջանցում է Հայաստանը։ Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս հանգամանքը առանց այդ էլ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։
Panorama.am- Պարոն Ոսկանյան, նախագիծը թողնո՞ւմ է որևէ «նիշա», որտեղ Հայաստանը կարող է մանևրել։ Այլ կերպ ասած՝ առկա՞ է թեկուզ փոքրիկ հնարավորություն, որը կարող է շահեկան վիճակ ստեղծել Հայաստանի համար։
Վարդան Ոսկանյան- Չափազանց կարևոր մի հանգամանք կա, որն ըստ էության ավելացնում է մեր մանևրի հնարավորությունն Իրանի հետ հարաբերությունների համատեքստում։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման շուրջ Իրանից ստացված ոչ պաշտոնական արձագանքները առնվազն այդքան էլ խանդավառ չեն։ Իրանցիները համարում են, որ այս նախագիծը միտված է տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերից դուրս թողնելու ոչ միայն Հայաստանին, այլ նաև Իրանին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում սահմանափակելու վերջինիս ներկայությունը՝ փոխարենն ուժեղացնելով թուրքական գործոնի ներկայությունը։
Փաստորեն, բացի Հայաստանից՝ կա տարածաշրջանային ևս մեկ ուժ, որը ամնեևին հույսեր չի կապում այս երկաթուղու հետ և շահագրգիռ է, որպեսզի տեղի ունենան այլընտրանքային գործընթացներ։ Այլընտրանքային գործընթացներ ասելով՝ պետք է նախևառաջ նկատի ունենալ Հայաստանի, Իրանի և երրորդ կողմերի ներգրավմամբ ձևաչափերը։ Խոսքն, անշուշտ, վերաբերում է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու առաջնահերթությանը։ Իրանը խնդիր ունի տրանզիտային ավտոփոխախադրումների զգալի ծավալը Թուրքիայից տեղափոխել Հայաստան։ Այս մասին իրանցիները շատ դեպքերում բացահայտ են հայտարարում։ Մյուս կարևոր հանգամանքը Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրն է, որը ոչ միայն Հայաստանն ու Իրանը կապում է միմյանց, այլ նաև Իրանին հնարավորություն է տալիս ամենակարճ ճանապարհով դուրս գալ սևծովյան նավահանգիստներ, այնտեղից էլ՝ Եվրոպա։
Panorama.am – Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումն ավելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում, քան տնտեսական։
Վարան Ոսկանյան- Կարծում եմ՝ ծրագիրն ունի բազմաթիվ բաղադրիչներ։ Այդ բաղադրիչների թվում անշուշտ կա տնտեսականը, բայց չափազանց կարևոր է, որ նման ծրագրերում Հայաստանին փորձում են սպառնալ և Հայաստանի ներսում ստեղծել բարոյալքված մթնոլորտ։ Իսկ բարոյալքված հասարակությունը վտանգներին և ռիսկերին դիմակայելու առումով ավելի թույլ է։ Հետևաբար, մեր կողմից առաջին քայլը պետք է լինի բարոյալքման տրամադրություններին չտրվելը։ Բացի այդ, մեր կողմից պետք է իրականացվեն ծրագրեր, որոնք իրենց նշանակությամբ պակաս չեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ծրագրից։ Ի վերջո մենք վերոնշյալ երկու ծրագրերով կարող ենք հաղթահարել մեր վզին փաթաթված երկարատև շրջափակումը։
Panorama.am- Պարոն Ոսկանյան, տեսակետ կա, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծն իրենով հակառուսական է։ Դուք և՞ս այդպես եք կարծում։
Վարդան Ոսկանյան- Միգուցե նախագիծն ունի այդպիսի ուղղվածություն։ Այս առումով ակնհայտ է, որ Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդումը ամենևին չի բխում Ռուսաստանի շահերից։ Բնական է, որ ՌԴ-ն Հարավային Կովկասն իր ազդեցության տիրույթ է համարում։ Այս իմաստով ծրագիրը կարելի է գնահատել հակառուսական ուղղվածության։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան