ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կլինի հղում միջազգային հանրությանը առ այն, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն չպետք է լինեն հակամարտող կողմեր. Աշոտյան
«Իրավական այս նոր շրջանակում Հայաստանը կդառնա առաջին երկիրը, որը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ և միաժամանակ ունենալու է իրավականորեն պարտավորեցնող համաձայնագիր Եվրոպական միության հետ»,- Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովի շրջանակում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված նոր համաձայանագրի ստորագրման հետ կապված ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, ով հոկտեմբերի 31-ին ելույթ է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի բացմանը՝ Արևելյան գործընկերության ապագայի և Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ:
Այս համատեքստում նա նշել է, որ համաձայնագրի ստորագրումը կլինի հղում միջազգային հանրությանն առ այն, որ Եվրասիական տնտեսական միությունն ու Եվրոպական միությունը չպետք է լինեն հակամարտող կողմեր, և Հայաստանն այս պարագայում կարող է հանդիսանալ կապող օղակ՝ երկու միավորումների տարբեր տնտեսական եւ քաղաքական ջանքերի միավորման համար: ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, Արևելյան գործընկերության առաջնահերթությունների համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հայաստանի բազմավեկտոր կամ այսպես կոչված «կոմպլեմենտար» Արևելյան գործընկերության դիրքորոշմանը և այս առնչությամբ ընդգծել, որ պետք է հաշվի առնել, որ Արևելյան գործընկերության շրջանակում ընդգրկված յուրաքանչյուր պետություն ունի իր սեփական հետաքրքրություններն ու ուղեգիծը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության նոր իրավական շրջանակի ձևավորումը և Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված նոր համաձայանագրի ստորագրումը: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նաև հույս է հայտնել մոտ ապագայում վիզաների ազատականացման գործընթացի հետ կապված դրական արդյունքների արձանագրման վերաբերյալ:
Իր խոսքում Արմեն Աշոտյանը կարևորել է նաև Արեւելյան գործընկերության հարթակի արդյունավետ ծառայեցումն Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիների շահերին:
Անդրադառնալով Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև առկա տարբերություններին՝ Արմեն Աշոտյանը կարևորել է այնպիսի արժեքների սահմանումը, որոնք կլինեն ընդհանուր և ընդունելի Արևելյան գործընկերության բոլոր երկրների համար:
Իր խոսքում Արմեն Աշոտյանը նաև անդրադարձել է Արևելյան գործընկերության երկրներում առկա հակամարտություններին և նշել, որ Եվրանեսթ-ը հակամարտությունների կարգավորման հարթակ չէ, սակայն այն կարող է դիտարկվել որպես եզակի միջոց հակամարտող պետությունների՝ մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների միջև քաղաքական երկխոսության ծավալման համար: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարևորել է այն հանգամանքը, որ Վեհաժողովը Կիևում ընթացող իր աշխատանքներում կարողացել է ընդգծել և արձանագրել այն կարեւոր փաստը, որ Արևելյան գործընկերության երկրներում առկա բոլոր հակամարտությունները տարբեր են, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, և խնդրի կարգավորումը հիմնված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Արմեն Աշոտյանը կարևորել է այն, որ Վեհաժողովը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Արմեն Աշոտյանն ընդգծել է նաև այն հանգամանքը, որ Արևելյան գործընկերությունը թղթի վրա նշված պայմանավորվածություն և փաստաթղթաշրջանառություն չէ և չի կարող լինել, այն հարթակ է Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիների ակնկալիքների արդարացման համար՝ գործունեության հիմք և նպատակ դարձնելով բարեփոխումների իրականացումն ու ամենօրյա հետեւողական աշխատանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան