Տավիղ, սոպրանո և մեցո-սոպրանո. Համադրություն, որը Հայաստանը լսում է առաջին անգամ
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա բացառիկ համերգ։ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ կունենա Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տրիոն՝ Բրիթ Արենդ (սոպրանո), Կլարա Ղիգո (մեցո-սոպրանո), Գիլլիան Ցամմիթ (տավիղ)։ Երեկոյի ընթացքում իրար կհյուսվեն տավիղի և կանացի ձայները։ Հայաստանյան ունկնդիրը նման ձևաչափով համերգի առաջին անգամ ներկա կլինի։ Կամերային համերգի ընթացքում կհնչեն Վինչենցո Բելլինիի, Գաբրիել Ֆորեի, Ռեյնալդո Հանի, Կլոդ Դեբյուսիի, Ջոակինո Ռոսինիի և այլ հեղինակների ստեղծագործություններից։
Մեցո-սոպրանո Կլարա Ղիգոն Panorama.am-ին ասաց, որ չորս տարի առաջ առաջին համերգը ունեցան՝ երկու սոպրանո, տավիղ և ֆլեյտա համադրությամբ։
«Իհարկե, համերգը հրաշալի էր, բայց մենք եկանք եզրակացության, որ շատ դժվար է գտնել ստեղծագործություններ տավղի, ֆլեյտայի և երգիչների համար, ուստի որոշեցինք հանդես գալ առանց ֆլեյտայի։ Ես հասկանում եմ, որ սա սովորական կազմ չէ։ Բայց մենք հաճույք ենք ստանում, փոխում, ավելացնում ենք ինչ-որ բան։ Նախագիծը, ճիշտ է, փոքր է, բայց այն զարգանում է»,-ասում է երգչուհին։
Նախագիծն առաջին անգամ ներկայացվել է Մալթայում, այնուհետև՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, և ահա այսօր հետաքրքիր այս կազմը Երևանում է, ինչի համար, ինչպես նշում է երգչուհին, շատ ուրախ են։
Կլարա Ղիգոն նշում է, որ հատուկ իրենց կազմի համար գրված ստեղծագործություններ չկան, սակայն մալթացի մի կոմպոզիտոր աշխատում է այդ ուղղությամբ։ Այն գործերը, որ տրիոն ընդգրկել է իր երգացանկում, հիմնականում փոխադրություններ են։
Երգչուհին խոստովանում է, որ սիրում են նորարարություններ մատուցել ունկնդրին, երաժշտասերներն էլ, որպես կանոն, հետաքրքրությամբ ու սիրով են ընդունում իրենց կատարումները։
Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում ընթանում է Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը։ Այն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որն այն կյանքի է կոչում՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, այստեղ են՝ այս բեմում. Սերժ Թանկյան
- Սերժ Թանկյանը ներկա էր իր հեղինակած սիմֆոնիայի փորձին
- Մալկովիչն իր ցանկությամբ է երևանյան համերգին կատարել հայկական գրական ստեղծագործության
- Ջոն Մալկովիչ. Հարատևում է արվեստի այն գործը, որը խորությամբ է դիպչում մարդուն
- «Երաժշտությունը կյանք է». Լևոն Կարապետյանը ոգևորությամբ է սպասում խաչատրյանական փառատոնի համերգին
- Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային փառատոնը