Ռ. Մանսուր. ԱՄՆ և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 35 տոկոսով
«Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, այն ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի 19.6 տոկոսը և հայաստանյան աշխատուժի 36.2 տոկոս զբաղվածությունը»,-այսօր հայտարարել է ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:
Նա այսօր մասնակցում էր գյուղատնտեսությանը նվիրված գործարար համաժողովին, որը կազմակերպել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Էյչ-Էս-Բի-Սի Բանկը: Նպատակը ոլորտի հայկական ընկերություններին ամերիկյան հայտնի «Վալմոնտ» և «Մոնսանտո» ընկերությունների փորձի, ապրանքների ու տեխնոլոգիաների ներկայացումն էր ու կապերի ձևավորումը:
Ռ. Մանսուրը նշել է, որ Միացյալ Նահանգները ջանում է բարելավել երկու երկրների կոմերցիոն հնարավորությունները և խորացնել առևտրա-ներդրումային հարաբերությունները:
«Ուրախությամբ կարող ենք փաստել, որ այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն ըստ ԱՄՆ վիճակագրական ծառայության տվյալների աճել է 35 տոկոսով», -նշել է ԱՄՆ գործերի հավատարմատարը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից մանրամասնում են, որ համաժողովը միտված է ամրապնդել Միացյալ Նահանգների և Հայաստանի կոմերցիոն կապերը ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան ու հայկական կառույցների միջև կապեր հաստատելու միջոցով, և հնարավորություն տալով ամերիկյան ընկերություններին ներկայացնել ոլորտի վերջին տեխնոլոգիական զարգացումները:
Ամերիկյան երկու ընկերություններ՝ «Վալմոնտը» և «Մոնսանտոն» ներկայացուցիչներ էին գործուղել, ովքեր այս համաժողովում ներկայացրեցին իրենց ընկերությունների ապրանքները և ուսումնասիրեցին Հայաստանում առկա գործարար հնարավորությունները:
Ըստ աղբյուրի, միջոցառումն ամերիկյան ընկերություններին թույլ է տվել առավել հստակ պատկերացում կազմել Հայաստանի կառավարության ու գործարար դաշտի նպատակների ու առաջնահերթ խնդիրների մասին, իսկ հայկական ընկերությունների համար դա հնարավորություն էր ծանոթանալու բերքատվության մեծացման ու հավելյալ արժեք ձևավորելու նորագույն մոտեցումներին: Համաժողովից հետո տեղի են ունեցել հանդիպումներ ամերիկյան ու հայկական ընկերությունների ներկայացուցիչների միջև: