Կարծում եմ՝ շատ ավելի լավ է լինելու, քան նախկինում. վրացագետը՝ Ռուբեն Սադոյանի դեսպան նշանակվելու մասին
Վրացագետ Ալիկ Էրոյանցը հույս ունի, որ Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանի գործունեությունը կնպաստի հայ-վրացական հարաբերությունների առավել սերտացմանը։ Նման տեսակետ նա հայտնեց Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում։
«Ընդհանուր առմամբ, առայժմ դժվար է ասել՝ ինչ զարգացումներ կամ փոփոխություններ կարելի է ակնկալել նոր նշանակումից։ Հավանաբար, ժամանակ է հարկավոր, որպեսզի դեսպանը սկսի գործունեություն ծավալել, ինչից հետո էլ հնարավոր կլինի հասկանալ՝ որքանով է այն արդյունավետ։ Այդուհանդերձ, հայ-վրացական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, և չկան այնպիսի խնդիրներ, որոնք բանակցությունների կամ երկկողմ համագործակցության արդյունքում հնարավոր չլինի լուծել։
Այլ հարց է, թե ինչպիսի դիրքորոշում կունենա վրացական կողմը։ Ամեն դեպքում հուսով եմ, որ Վրաստանում հայկական դիվանագիտական ծառայությունը գործելու է ի նպաստ հայ-վրացական հարաբերությունների զարգացման։ Կարծում եմ՝ շատ ավելի լավ է լինելու, քան նախկինում։ Նկատի ունեմ ոչ թե համեմատության մեջ, այդուհանդերձ առաջընթաց լինելու է»,- նշեց վրացագետը։
Ալիկ Էրոյանցը նշեց, որ վրացական մամուլը դեռևս ակտիվորեն չի մեկնաբանում Վրաստանում Հայաստանի նոր դեսպանի նշանակման թեման, որպեսզի հնարավոր լինի դատողություններ անել՝ որքանով ընդունելի կերպար է վերջինս վրացական իշխանությունների համար:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Ռուբեն Սադոյանին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: