Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը թարգմանվել է հայերեն
Լույս է տեսել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանությունը: Գրքի շնորհանդեսին և հեղինակի հետ հանդիպմանը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Երևանի պետական կամերային թատրոնում: «Բուկինիստի» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ շնորհանդեսի ժամանակ գիրքը կարող եք ձեռք բերել հատուկ գնով, հեղինակի մակագրությամբ, սպասվում են անակնկալներ:
«Մանյունյան» պատմություն է մի ամբողջ սերնդի մանկության, Բերդում ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Այն հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց վայֆայի ու համակարգչային խաղերի:
Սոցցացերում ծնված առաջին վիպակը գրավեց «Աստրել» հրատարակչության ուշադրությունը, որն էլ կարճ ժամանակ անց հրատարակեց «Մանյունյա» ինքնակենսագրական վեպը: Քանի որ գրքի վաճառքը գերազանցեց հրատարակիչների բոլոր սպասելիքները, շուտով հայկական փոքրիկ գյուղաքաղաքում ապրող աղջիկների պատմությունն ունեցավ իր շարունակությունը: 2 տարվա ընթացքում գրքի 200 հազարից ավելի օրինակ է վաճառվել:
Մինչ հայերեն թարգմանվելը՝ վիպակը թարգմանվել է այլ լեզուներով, ինչպես ասում է վիպակի գործող անձանցից Տան՝ համադամ կերակուրը վերջում են մատուցում:
Թարգմանիչը Նարինե Գիժլարյանն է, ով նույնպես Բերդից է: Մայրենի լեզվով թարգմանության մասին հեղինակն ասում է. «Հիանալի թարգմանություն է, ես այդպես հայերեն չէի կարող գրել: Երբ կարդացի, ծիծաղում էի, պատկերացրեք` ինչպիսի հիմարություն, հեղինակն իր գիրքը կարդա և ծիծաղի: Բայց ես ծիծաղում էի, հատկապես, երբ գրքի երկրորդական հերոսները տեղ-տեղ բարբառով են խոսում: Ռուսերեն, ցավոք, ես դա չէի կարող փոխանցել: Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյա»-ն հայերեն»:
Նարինե Աբգարյանն արժանացել է ռուսաստանյան ազգային գրականության «Տարվա ձեռագիր» մրցանակին: 2013թ. մանկական գրականությունում ունեցած ավանդի համար ստացել է «BABY-НОС» մրցանակը, որը հիմնել է Միխայիլ Պրոխորովի հիմնադրամը:
Թեև Նարինեի գրքերը սիրում են նաև փոքրիկները, բայց հեղինակը չի ընդունում այն կարծիքը, որ իր ստեղծագործությունները պատանեկան են, ասում է` գրում է 0-100 տարեկան երեխաների համար:
Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդում: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» նոմինացիայում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ 2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը։ 2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թ. հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։ 2014 թ. փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։ 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրք, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովը։ 2015 թ. մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, 2016-ին՝ «Զուլալի» գիրքը:
Հարակից հրապարակումներ`
- Նարինե Աբգարյան. «Քննադատներից մեկն ասել է, որ ես գրում եմ հայերեն, ուղղակի ռուսերեն բառերով»
- «Յասնայա պոլյանա»-ի հաղթողն Արցախում է՝ նոր նյութերի հավաքագրման համար
- Նարինե Աբգարյանը՝ «Յասնայա պոլյանա»-ի մրցանակակիր
- «Երեխաները հավատում են հրաշքների, գրքի հերոս հսկան՝ նույնպես». Նարինե Աբգարյան
- Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպն ընդգրկվել է «Յասնայա պոլյանա»-ի կարճ ցուցակում
- Երևանում տեղի կունենա Նարինե Աբգարյանի «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» մանկական գրքի շնորհանդեսը
- Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքը՝ մեկ շաբաթից
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան