Ի՞նչ է նշանակում ՀՀԿ-ն «քֆուր» է կերել, օրենքի նախնական տարբերակում կան խնդրահարույց կետեր. Շարմազանով
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շարունակում է պնդել, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծում կան խնդրահարույց կետեր:
Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկությանը, թե ՀՀԿ-ն «քֆուր է կերել», որ օրինագիծը չի ընդունվի, ԱԺ փոխնախագահը դա պրիմիտիվ խոսակցություններ համարեց. «Դրանք հարիր չեն ոչ ՀՀԿ-ին, ոչ էլ մամուլին, որ նման բան գրի: Ի՞նչ է նշանակում քֆուր է կերել։ Մենք պարզապես ասում ենք, որ օրենքի նախնական տարբերակում կան վիճահարույց կետեր, օրենք այս տեսքով խնդրահարույց է»:
Նրա խոսքերով՝ քննարկումները շարունակվում են, որպեսզի օրենքի նախագիծը բերվի ընդունելի տեսքի: «Այնպես չէ, որ միայն Հանրապետականն է մտահոգություն հայտնել: Խորհրդարանում օրենքի նախագծի լսումների ժամանակ առնվազն երկու այլ խմբակցություններից եղել են պատգամավորներ, որոնք այս օրենքի նախնական տարբերակի հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել: Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք, թե մեզ մոտ կա մտահոգություն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ներկայացնելով, թե որ կետերն են խնրդահարույց՝ նա նշեց, որ, օրինակ, օրենքում հստակություն չկա, թե ինչ է նշանակում տնտեսական, հոգեբանական բռնություն, որոշակիություն չկա նաև ապաստարանների մասով: «Կան ծնողի հեղինակության հետ կապված խնդիրներ, հազար ու մի պրոբլեմ կա: Այնպես չէ, որ իմ ասածը վերջին ճշմարտությունն է, պարզապես մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք ու մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ պետության հիմնասյունն ավանդական ընտանիքն է: Եթե մարդիկ մոռացել են, ապա հիշեցնեմ, որ 2016 թվականին նոյեմբերի 26-ի Հանրապետական կուսակցության համագումարում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ մեր պետության հիմքն ավանդական հայկական ընտանիքն է: Բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են հայկական ավանդական ընտանիքի համար, մենք պետք է առաջարկենք վերանայել»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Նրա խոսքով՝ ավանդական հայկական ընտանիքը «ծեծ ու ջարդը» չէ. «Որևէ նորմալ մարդ բռնությանը կողմնակից չէ, մենք բոլորս բռնությանը դեմ ենք, բայց օրենքն այս տեսքով ունի խնդրահարույց կետեր»:
Հարցին, թե այս տեսքով դեմ կքվեարկի օրենքին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, թե ինքը խնդրահարույց դրույթներ է տեսնում, իսկ մնացածը կորոշվի քննարկումների ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյան. Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծում հստակեցումներ են արվելու
- «Մատներս կտրեք՝ չենք քվեարկելու». ՀՀԿ-ականները դեմ են Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծին. «Հրապարակ»
- «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը խնդրահարույց է. Շարմազանով
- 2017թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք. Նելլի Դուրյան
- Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու նպատակը ո՞րն է. Վահե Էնֆիաջյան
- Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը պարտադրված է՝ պղծելու հայ ընտանիքները. Վարդան Բոստանջյան
- Զառա Հովհաննիսյան. Ընտանեկան բռնության վերաբերյալ օրինագծին բավականին լուրջ դիմադրություն կա
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում