ՀՀԿ-ն դրական է գնահատում ՏԻՄ ընտրություններում կուսակիցների շանսերը. Շարմազանով
ՀՀԿ-ն դրական է գնահատում նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում իրենց կուսակիցների վարած քարոզչությունն ու շանսերը: Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ակնկալում ենք ազնիվ և արդար մրցապայքար: Գտնում ենք, որ նոյեմբերի 5-ից հետո ՀՀԿ-ն ունի շատ մեծ հնարավորություններ ՏԻՄ-երի կառավարման համակարգում ավելի լուրջ դերակատարում ունենալու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ն կարևորում է ՏԻՄ-երի ու ավագանու ինստիտուտը:
Շարմազանովը կարևորեց նաև այն հանգամանքը, որ մի քանի խոշորացված համայնքներում են տեղի ունենալու ընտրություններ: Դրանք, ըստ նրա, մրցակցային են լինելու, բայց բացի ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից այլ կուսակցություններից ընտրություններին մասնակցության հայտ չեն ներկայացրել: «Լավ կլիներ, որ այլ կուսակցություններից էլ առաջադրումներ լինեին, մրցակցությունը լիներ շատ ավելի բազմակուսակցական: Բայց ունենք այն, ինչ ունենք: Մենք պատրաստ ենք ազնիվ մրցապայքարում ներկայացնել յուրաքանչյուր համայնքի զարգացման համար մեր տեսլականը»,-նշեց ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովը նաև հիշեցրեց, որ խորհրդարանում 2018-ի բյուջեն է քննարկվում: Նա հաջորդ տարվա բյուջեն որակեց որպես իրատեսական ու կայունացման:
«Այն նպատակ ունի երկարաժամկետ առաջընթացի ու երկարաժամկետ աճ ապահովել, ոչ միայն 2018 թվականի»,- ասաց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, որ խորհրդարանում քննարկումները դրական են գնահատում:
«Եթե խոսենք ցանկություններից, բնականաբար, դրանք ավելի մեծ են, բայց դա ռեալ բյուջե է: Նաև բնական է, որ ընդդիմությունը քննադատում է, ընդդիմությունը քննադատելու համար է, իսկ իշխանությունը աշխատում է ու պատասխանում քննադատություններին, բայց վատ չէր լինի, եթե մի օր Հայաստանի քաղաքական ներապնակում հայտնվեր ընդդիմադիր քաղաքական ուժ, որը բացի քննադատությունից կներկայացներ այլընտրանքային բյուջեի նախագիծ կամ ծրագիր, որն ընդունված է ժողովրդավարական երկրներում»,-ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները