Սերժ Սարգսյան. «Գիտե՞ք՝ հանուն բարեկամության պահպանման պետք է աշխատել»
«Հայաստանի օրերը Ռուսաստանում մշակութային միջոցառումների հիմնական նպատակը Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների շարունակությունն է: Նախորդ տարում Հայաստանում անցկացվեցին Ռուսաստանի մշակութային օրերը: Այս օրերին անց են կացվում Հայաստանի մշակութային օրերը Ռուսաստանում»,-«Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանում անցկացվող Հայաստանի մշակութային օրերին վերաբերող հարցին նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը;
«Մենք նախատեսել ենք մեծ միջոցառում՝ սկսած համերգներից, վերջացրած տարբեր ցուցադրություններով՝ թե ազգային տարազի, թե ոսկերչական իրերի և այլն: Միջոցառումները կանցկացվեն Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Ես երկու օրով կլինեմ Մոսկվայում, կմասնակցեմ այդ միջոցառումներին»,- նշել է երկրի ղեկավարը և հավելել, որ այդ միջոցառումները շատ անհրաժեշտ են:
«Գիտե՞ք, հանուն բարեկամության պահպանման պետք է աշխատել: Եթե միայն ենթադրենք, որ մեր մոտ հարաբերությունները լավ են ու այդ գործով պետք չէ զբաղվել, ապա ոչ ցանկալի արդյունք կունենանք: Այդ իսկ պատճառով պետք է ընկերություն անել», -ասել է նախագահ Սարգսյանը: