Իրանը երբևէ բալիստիկ հրթիռ չի վաճառի Ադրբեջանին. Արա Պապյան
Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը բարձրաձայնել է Իրանից բալիստիկ հրթիռներ գնելու հնարավորության մասին, սակայն Իրանը հետևողականորեն խուսափում է նման գործարքից՝ զգուշանալով հետագա հնարավոր վտանգներից։ Կգա՞ արդյոք մի պահ, երբ այս հարցում երկու երկրների շահերը կհամընկնեն, և Իրանն ի վերջո կգնա Ադրբեջանի համար ցանկալի գործարքին։ Panorama.am-ի թղթակիցն այս թեմայի շուրջ զրուցեց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ։
«Չեմ կարծում, որ Իրանը երբևէ բալիստիկ հրթիռ կվաճառի Ադրբեջանին, որովհետև այդ երկիրն Իրանի կողմից ընկալվում է որպես պոտենցիալ վտանգ։ Իհարկե, Ադրբեջանն Իրանի համար մեծ սպառնալիք չէ, սակայն հաշվի առնելով Իսրայելի հետ նրա սերտ հարաբերությունները՝ Իրանը մշտապես զգուշավորություն է ցուցաբերում։ Իրանը չի ցանական հերթական գլխացավանքի մեջ ընկնել՝ բալիստիկ հրթիռներ վաճառելով Ադրբեջանին։ Ադրբեջանն իր հերթին վաղը-մյուս օրը կարող է հայտարարել, թե Իրանը վատություն է արել իրեն՝ հրաժարվելով զենքի վաճառքից»,- նշեց վերլուծաբանը։
Արա Պապյանը հիշեցրեց, որ Բելառուսը պատրաստակամություն է հայտնել 170 միլիոն դոլարի «Պոլոնեզ» հրթիռներ վաճառել Ադրբեջանին։ Իսկ «Պոլոնեզներն», ըստ էության, «Սմերչի» կատարելագործված տեսակն են՝ 200 կմ հեռահարությամբ։
«Իրանից գնելիք հրթիռները շատ ավելի մեծ հեռահարության են, ինչն այդ երկրին հուշում է, որ դրանք կարող են իր իսկ դեմ օգտագործվել։ Հայկական ճակատում օգտագործելու համար Ադրբեջանին բավարար են անգամ ոչ այնքան հեռու թռչող սարքերը, սակայն Ադրբեջանը մինչև 2500 կմ թռչող դրոններ է գնում։ Դրանք պետք է կիրառվեն կամ Հայաստանի, կամ Ռուսաստանի կամ էլ Իրանի դեմ։ Հայաստանի դեմ անիմաստ է, Ռուսաստանի դեմ՝ քիչ հավանական, մնում է Իրանը»,- նշեց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավարը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Իրանից զենք գնելով՝ Ադրբեջանը փորձում է «շահել» Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծից դուրս մնացած Իրանի սիրտը, Արա Պապյանը բացասական պատասխան տվեց։
«Բաքուն մաս է կազմում Ռուսաստան-Ադրբեջան-Իրան հյուսիս-հարավ երկաթուղային գծի և 500 միլիոն դոլար վարկ է տալիս Իրանին՝ կառուցելու Ռեշտ-Աստարա հատվածը։ Սիրտ «շահել» այդ տեսակետից կարող է լինել»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան