Ծրագրերում պետական պարտքի՝ 60 տոկոսի շեմից անցում չի նախատեսվում. Ատոմ Ջանջուղազյան
Դրամաշնորհները, որ հատկացվում են ՀՀ կառավարությանը, պետք է ուղղվեն խոշորացված համայնքների խնդիրների լուծմանը, քանի որ խոշորացված և խոշորացվող համայնքներում իրավիճակն իսկապես աղետալի է։ Նախորդ խոշորացման փուլում որևէ դրական արդյունք չի գրանցվել։ ԱԺ-ում «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այսօր այս մասին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը նկատեց՝ բյուջեով նախատեսվում է 2.4 մլրդ դրամ տրամադրել տարածքային զարգացման համար, սակայն անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել՝ հասկանալու՝ արդյոք դրանք ծառայում են նպատակին:
Նաիրա Զոհրաբյանը նաև նկատեց, որ նախորդ խոշորացման արդյունքում իրենց անցկացրած մոնիթորինգը ցույց է տվել՝ համայնքներում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ 2018 թվականի բյուջեի քննարկումների շրջանակում ԱԺ եկած ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին հիշեցրեց, որ մինչև տարեվերջ ՀՀ պետական պարտքը կկազմի 58.8 տոկոս։
«Ես մտահոգություն եմ հայտնել, որ հաջորդ տարի անցնելու ենք 60 տոկոսի շեմը, բայց ուզում եմ գնահատեք՝ ինչպիսին է եղել անցած տարվա վարկերի և դրամաշնորհների օգտագործման արդյունավետությունը և պետական պարտքի քանի տոկոսի ենք գալու։ Ո՞ւր ենք գնում վարկերի այսպիսի շալակով»,- հարց հնչեցրեց խորհրդարանականը։
Ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ վարկային միջոցների արդյունավետ օգտագործման հարցում միշտ էլ անելիք կա։
«Միանշանակ անելիք կա, և իհարկե սա պետք է մտահոգության առիթ լինի։ Վարկային միջոցները ոչ թե սեփական տնտեսության գեներացրած եկամուտներն են, այլ պարտք, որը հետո հարկադրված ես լինելու սպասարկել։ Տրամաբանական է նաև այն վարքագիծը, որ փորձ է արվում պարտքերն ուղղել այնպիսի ծախսերի ֆինանսավորմանը, որոնք հնարավորություն կտան ավելի մեծ արդյունքներ գեներացնել։ Ինչ վերաբերում է պնդմանը, որ պետական պարտքը կանցնի 60 տոկոսի շեմը, ծրագրերում անցում չի նախատեսվում»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին