Նախորդ տարվա համեմատ աճել է իրենց տնտեսական վիճակը կայուն համարող քաղաքացիների թիվը. վարչապետ
«Տնտեսության վիճակը գնահատում եմ կառավարելի և հեռանկարային»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով հարցին, թե պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց՝ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, իսկ հիմա ինչպես կգնահատի՝ հաշվի առնելով այն, որ մարդկանց սոցիալական վիճակը չի լավացել, քանի որ թոշակներն ու աշխատավարձերն էլ չեն բարձրացել:
Վարչապետը չհամաձայնեց այդ դիտարկման հետ, թե ժողովրդի վիճակը չի լավացել, քանի որ թոշակն ու աշխատավարձը չի բարձրացել: «Դա այդպես չէ: Բազմաթիվ երկրներ կան, որտեղ մինիմալ աշխատավարձն ու թոշակը չեն բարձրացնում, բայց դա չի նշանակում, որ միջին եկամուտները չեն աճում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է գնաճին, Կարեն Կարապետյանն ասաց, որ տարվա կտրվածքով 452 ապրանքով են որոշում գնաճը, մի մասն աճել է, մի մասը՝ ոչ. «Տարվա ընթացքում 0.6-0.8 տոկոս գնաճ ենք կանխատեսել, այդ իսկ պատճառով ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ այս տարվա մեջ միջին սոցիալական վիճակը մեր քաղաքացու վատացել է»:
Վարչապետը նշեց նաև, որ 2016 թվականի սեպտեմբերի նկատմամբ բարեկեցության աճ զգացող քաղաքացիների թիվը 4 տոկոսով աճել է։
«Երկու տարվա մեջ մենք 13.85-14 տոկոսի մեկ շնչի ՀՆԱ-ում նախատեսում ենք աճ, ինչպես նաև սոցիալական մեր հարցումները ցույց են տալիս, որ 2016 թվականի սեպտեմբերի նկատմամբ բարեկեցության աճ զգացող քաղաքացիների թվի մեջ մենք նկատում ենք աճ 4 տոկոսի չափով՝ 8.8 տոկոսից դառնալով 12.6, իսկ սոցիալական վիճակի վատացում զգացող քաղաքացիների թիվը նվազել է մոտ 8 տոկոսով՝ 37.2-ից իջնելով 29.3», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ համապատասխանաբար աճել է իրենց տնտեսական վիճակը կայուն համարող քաղաքացիների թիվը։
Խոսելով տնտեսական աճի մասին, վարչապետը նշեց, որ հաշվի առնելով ստացվող ազդակները՝ Հայաստանի համար տնտեսական աճ է կանխատեսում:
«Հաջորդ տարվա բյուջեի հիմքում դրված 4.5 տոկոս տնտեսական աճը շատ տրամաբանական ու իրատեսական է: Եթե մենք 2018 թվականին ինչ նախատեսում ենք, անենք, բացի մեր կապիտալ ծախսերից, բիզնես միջավայրի փոփոխություն, մեր տեղական ներդրողների նկատմամբ աշխուժացում, ինչը կբերի արտաքին ներդրումների, ապա մենք շատ լավ բազա կստեղծենք 2019 թվականի համար»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանը համոզված է, որ բիզնես միջավայրը մեր երկրում բարելավվել է
- Միջավայր ենք ստեղծել, որ բակ դուրս գալիս բոլորի աչքի առաջ չլինենք. վարչապետն՝ իր առանձնատան պարիսպների մասին
- Հայաստանը մտադիր է մշտապես ունենալ ատոմային էներգիա. վարչապետ
- Քիչ օրինակ գիտե՞ք, որ ուսուցիչն ուսուցիչ չէ, բժիշկը բժիշկ չէ. վարչապետը՝ կրճատումների մասին
- Վարչապետ. Հիմա էլ եմ հայտարարում՝ աշխարհը շուռ ենք տալու
- Ի՞նչ եմ ուզում անել՝ ծառայել մեր երկրին. վարչապետ
- Վարչապետն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին