Միջավայր ենք ստեղծել, որ բակ դուրս գալիս բոլորի աչքի առաջ չլինենք. վարչապետն՝ իր առանձնատան պարիսպների մասին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Մոնումենտ»-ի այգում իր առանձնատան մասին հրապարակումներին և նախկինում այնտեղ եղած անտառին:
Նշենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ «Մոնումենտ»-ում քաղաքական գործիչները կանաչ գոտիների հաշվին առանձնատներ են կառուցել:
«Ես ասել եմ՝ տարածքը գնել է եղբայրս, բայց չեմ ասել իմը չէ: Եղբայրս այն գնել է 2011 թվականին՝ Կանադայի ու ԱՄՆ քաղաքացուց և ինչ-որ կազմակերպությունից: Երբ գնել ենք, այնտեղ անտառ չի եղել: Իսկ առանձնատունը կառուցվել է 2014թ-ին: Շատ վատ եմ վերաբերվում անտառների կտրելուն: Ես ինքս այնտեղ եմ մեծացել, այդ անտառը շատ լավ հիշում եմ»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նաև նշեց, որ ինքն այնտեղ չի բնակվում:
Հարցին, թե ինչո՞ւ են բարձր պարիսպ կառուցում այդ առանձնատան համար, վարչապետը պատասխանեց, որ հարևանությամբ բազմահարկ շենք են կառուցել, որտեղից իր բակն ամբողջությամբ երևում է. «Ընդամենը մի փոքր, չէ փոքր չի, միջավայր ենք փորձել ստեղծել, որ դուրս ես գալիս բակ, բոլորի աչքի առաջ չլինես: Ես չէի կարող քաղաքապետարանին խնդրել, որ իմ սեփական տան հարևանությամբ բազմահարկ շենքեր չկառուցեն, որ հետո բոլորն իմ բակը չտեսնեն»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը մտադիր է մշտապես ունենալ ատոմային էներգիա. վարչապետ
- Քիչ օրինակ գիտե՞ք, որ ուսուցիչն ուսուցիչ չէ, բժիշկը բժիշկ չէ. վարչապետը՝ կրճատումների մասին
- Վարչապետ. Հիմա էլ եմ հայտարարում՝ աշխարհը շուռ ենք տալու
- Ի՞նչ եմ ուզում անել՝ ծառայել մեր երկրին. վարչապետ
- Վարչապետն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին