Քիչ օրինակ գիտե՞ք, որ ուսուցիչն ուսուցիչ չէ, բժիշկը բժիշկ չէ. վարչապետը՝ կրճատումների մասին
Հայաստանի պետական ապարատը շատ ավելի մեծ է, քան պետք է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ հաջորդ տարի 5500 պետական աշխատող է կրճատվելու:
«Եթե սոցիալական հարց եք ասում, դե եկեք պետական ապարատը երկու անգամ ավելացնենք, կլինի՞ այդպես: Բոլորդ մեզանից պահանջում եք արդյունավետ աշխատանք, պահանջում եք, որ պետական աշխատողն իր գործառույթը կատարի: 5500 մարդ որ կրճատում ենք, լավագույններին չենք կրճատում: Իհարկե անհանգիստ ենք, բայց ասում եք հարկ վճարողներս հարկ ենք տալիս, բայց վատ եք կառավարում, շատ եք ծախսում և այլն: Հենց սկսում ենք օպտիմալացնել՝ ասում եք սոցիալական լարվածություն: Դե եկեք բոլորին ընդունենք պետական ապարատ, կլինի՞»,- հարցրեց վարչապետը:
Նրա խոսքով՝ կրճատվող աշխատակիցների շարքում են լինելու նաև պաշտոնյաներ: «Ասում են՝ ուսուցչին ո՞նց եք կրճատում, դուք քիչ օրինակ գիտե՞ք, որ ուսուցիչն ուսուցիչ չէ, և ավելի լավ է ուսուցիչ չլինի: Կամ բժիշկը բժիշկ չէ ու լավ է չլինի: Երբ կրճատում ենք, դուրս է գալիս՝ կիրթ մարդուն կրճատում ենք: Պետք է ավելի ռացիոնալ լինել: Պետական ապարատն ավելի մեծ է, քան պետք է: Շատ կտրուկ չենք կարողանում կրճատել, քանի որ խնդրահարույց է համապատասխան որակավորում ունեցող մարդ ընդունելը»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Ըստ վարչապետի՝ լավ երկիր ունենալ հնարավոր չէ, եթե չկա լավ կառավարում: «Դա դոգմա է, չի կարելի մոտավորապես կառավարելով լավ արդյունք ստանալ: Պետությունն իրականում մեծ գործառույթներ ունի իրականացնելու: Ես կողմնակից եմ, որ բիզնեսում պետության հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելը լինի: Բայց այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ մենք շատ դեպքերում բիզնեսի համար կատալիզատորի դեր ենք կատարում և օժանդակելու ենք դրան: Բայց հենց բիզնեսը կայունանա, ոտքի կանգնի, այդ ժամանակ արդեն մեր գործառույթը կլինի նրանց չխանգարելը»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ. Հիմա էլ եմ հայտարարում՝ աշխարհը շուռ ենք տալու
- Ի՞նչ եմ ուզում անել՝ ծառայել մեր երկրին. վարչապետ
- Վարչապետն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին