Բաքու-Թբիլիսի-Կարս-ում Իրանի ներգրավումը Հայաստանի համար գլխացավանք է դառնալու. իրանագետ
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման ուշացումը գլխավորապես պայմանավորված էր Ջավախքի հատվածում շինարարության դանդաղ տեմպերի հետ: Այնտեղ որոշակի պահի ընդհուպ ուշացնում էին բանվորների աշխատավարձերը: Սրանով կառուցապատման գումարների մեծ մասը տրամադրած Ադրբեջանը կարծես շեշտում էր ծրագրում իր դերակատարությունը: Այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց Վրաստանում լույս տեսնող «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի խմբագիր Արսեն Խառատյանը:
Բանախոսի համոզմամբ, եթե երկաթուղու գործարկումը Թուրքիայի համար տնտեսական-ֆինանսական առումով շատ կարևոր էր, ապա ադրբեջանական կողմի դեպքում այն ավելի շատ էմոցիոնալ հարթությունում է տեղավորվում:
Քննարկմանը ներկա իրանագետ Արմեն Վարդանյանն իր հերթին նկատեց՝ նախագիծը կարող է մեծ վնաս հասցնել Հայաստանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան և Ադրբեջանն անելու են ամեն ինչ, որպեսզի նախագիծը մեծ ներուժ ունենա և հնարավոր շատ դիվիդենտներ շահի:
«Եթե Թուրքիային հաջողվի այս տանդեմում ներառել նաև Իրանին, նախագիծն իսկապես գլխացավանք կդառնա Հայաստանի համար: Իսկ դա նրան կարող է հաջողվել արդեն 5-6 տարի հետո: Հայաստանն, ի պատասխան նման զարգացումների, պետք է Սև ծով-Պարսից ծոց տրանսպորտային հանգույցների համատեքստում լուրջ գործակցություն ծավալի Իրանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի հետ»,- ամփոփեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Ցինցաձե. Հնարավոր է բանակցել Հայաստանի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն միանալու վերաբերյալ.168 ժամ»
- Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումն ավելացնում է Հայաստանի մանևրի հնարավորությունը. իրանագետ
- Ենթակառուցվածքային պանթյուրքիզմը և Վրաստանի տրանզիտային երազանքը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով