ԱԻՆ-ին 2018-ի բյուջեի նախագծով ավելի քիչ գումար կհատկացվի, քան այս տարի էր
«Արտակարգ իրավիճակների նախարարությանը 2018 թվականի բյուջեի նախագծով կտրամադրվի 11 մլրդ դրամ, որը շուրջ 175 մլն դրամով պակաս է 2017 թվականին հատկացվածից»,- այս մասին այսօր խորհրդարանում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով՝ հիմնական կշիռն ընդհանուր ծրագրերի մեջ ֆինանսական առումով փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանման համար նախատեսված գումարն է՝ 7,4 մլրդ դրամ։
«ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության համար բյուջեի նախագծով նախատեսվում է 41,6 մլրդ դրամի ֆինանսական միջոցների օգտագործում։ Ինչպես և ակնկալվում էր, այս գումարի մեջ ամենամեծ կշիռը հասարակական կարգի պահպանության ապահովում ծրագրով նախատեսված միջոցներն են՝ 35,8 մլրդ դրամ։ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը նախագծով կհատկացվի շուրջ 20,67 մլրդ դրամ, հիմնական մասը բաժին է ընկնում ազգային անվտանգության ապահովման ծրագրին՝ 20, 4 մլրդ դրամ»,- նշեց փոխնախարարը։