ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սգում է Խաղաղության կորպուսի կամավոր Հաննա Հանթլիի մահը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչադ Միլսը նշում է . «Մեծ ցավով տեղեկացա Խաղաղության կորպուսի կամավոր Հաննա Հանթլիի մահվան մասին: Նա Հս. Կարոլինայի Քեմփ Լեջերն բնակավայրից էր, և շատ ու շատ կամավորների նման նա ևս եկել էր իր կոչման, իր ներքին մղման հետքերով: Նա եկավ Հայաստան՝ օգնության ձեռք մեկնելու, անձնական կապեր հաստատելու և մեր երկու ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելու ցանկությամբ: Նա ծառայում էր Սևանում՝ որպես համայնքի և երիտասարդության զարգացման հարցերով կամավոր, իր համայնքին ապահովելով անհրաժեշտ աջակցություն և աշխատելով երիտասարդների հետ, ովքեր կերտելու են Հայաստանի վաղվա օրը»:
Դեսպանի հայտարարության մեջ նշվում է, որ Հաննան ներկայացնում էր իր ամերիկյան փորձն ու արժեքները իրեն հյուրընկալած ընտանիքում, գործընկերների, ընկերների և համայնքի բնակիչների շրջանում: Եվ որ ոչ պակաս կարևոր է, նա ծանոթանում էր Հայաստանի հետ և իր տպավորություններն ու փորձը ներկայացնում է Նահանգներում գտնվող իր ընկերներին և ընտանիքին:
«Այս տարի հունիսին, երբ Հաննան համալրեց Խաղաղության կորպուսի կամավորների շարքերը, ես պատիվ ունեցա ընդունել նրա հանդիսավոր երդումը: Նա վեր բարձրացրեց աջ ձեռքը և երդվեց՝ այն նույն երդմամբ, որով իրենց ճանապարհն են մեկնարկում բոլոր հանրային ծառայողները, այն նույն երդմամբ, որով տարիներ առաջ ես եմ սկսել իմ ճանապարհը: Ես պաշտոնապես կրում եմ «դեսպանի» կոչում, սակայն ես Հաննային ևս դեսպան եմ համարում: Հայաստանում շատերի համար Միացյալ Նահանգների հետ առաջին առնչությունը Հաննայի հետ շփումներն էին, լինեին դրանք առօրյա շփումներ Սևանի երիտասարդական ակումբում, որտեղ նա ներգրավված էր որպես կամավոր, կամ «Բոհեմ» սրճարանում, որի բացմանը հարցում նա օգնել էր: Հաննայի մասին դրական հուշերը դեռ երկար վառ կմնան նրա հայաստանյան համայնքում»,-նշում է դեսպանը:
Հիշեցնենք, որ ամերիկուհին զոհվել էր Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում