ՅՈԻՆԻՍԵՖ. Ամբողջ աշխարհում միլիոնավոր երեխաներ ենթարկվում են դաստիարակության բռնի մեթոդների
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, ահռելի թվով երեխաներ, որոնցից շատերը ընդամենը տասներկու ամսական են, բռնության են ենթարկվում հաճախ այն անձանց կողմից, ում վստահված է նրանց խնամքը։
«Ծանոթ դեմք. բռնությունը երեխաների և դեռահասների կյանքում» զեկույցը պարունակում է նորագույն տվյալներ՝ լույս սփռելու այն հանգամանքի վրա, որ երեխաները բռնության են ենթարկվում մանկության բոլոր փուլերում աշխարհի բոլոր անկյուններում: Հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:
«Անընդունելի է, որ աշխարհի բոլոր տարածաշրջանների երեխաները բռնության են ենթարկվում վայրերում, որտեղ նրանք ամենաապահովը պիտի լինեն՝ իրենց տներում, դպրոցներում և համայնքներում: Բռնության հետևանքները կարող են ուղեկցել երեխային կյանքի որջ ընթացքում և հաճախ սերնդեսերունդ փոխանցվել: Այս բացահայտումները պետք է արթնացման կանչ լինեն՝ բռնությունից պաշտպանելու յուրաքանչյուր երեխայի»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնօրեն Աֆշան Խանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնահերթություն է տալիս բռնության վերացմանը, այդ թվում՝ աջակցելով կառավարության ջանքերին բարելավել բռնության ենթարկված երեխաներին մատուցվող ծառայությունները, մշակելով երեխաներին պաշտպանող քաղաքականություն և օրենքներ և օժանդակելով ծնողներին, համայնքներին ու երեխաներին կանխել բռնությունը մի շարք գործնական ծրագրերի միջոցով, ինչպես օրինակ՝ ծնողավարության դասընթացների ու ընտանեկան բռնության դեմ ուղղված գործողությունների։
Երեխաների դեմ բռնությանը վերջ դնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին կոչ է անում անհապաղ գործի անցնել և միանալ «ՈԳԵՇՆՉԵ՛ՆՔ» (INSPIRE) անունը կրող օրակարգին:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2015թ.-ի տվյալների, Հայաստանում՝
1-14 տարեկան տասը երեխաներից յոթը հետազոտությանը նախորդող 30 օրերի ենթարկվել են հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի:
Հոգեբանական ագրեսիան ավելի տարածված է, քան ֆիզիկականը. երեխաների երկու երրորդից ավելին (65 տոկոս) ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 տոկոսը՝ ֆիզիկական պատժի որևէ տեսակի:
Բռնի մեթոդները գրեթե հավասարապես կիրառվել են թե՛ աղջիկների (67 տոկոս), թե՛ տղաների (71 տոկոս) նկատմամբ:
Մեկ և երկու տարեկան երեխաների գրեթե կեսի նկատմամբ կիրառվել է դաստիարակության որևէ բռնի մեթոդ:
Դաստիարակության բռնի մեթոդները գրեթե նույն կերպով տարածված են քաղաքային (68 տոկոս) և գյուղական (71 տոկոս) բնակավայրերի երեխաների շրջանում:
Սյունիքի և Վայոց ձորի մարզերի երեխաներն ամենաքիչն են ենթարկվել դաստիարակության որևէ բռնի մեթոդի (համապատասխանաբար 56 և 59 տոկոս): Եվ հակառակը, Արագածոտնի և Լոռու մարզերի տասը երեխաներից մոտ ութի նկատմամբ կիրառվել է որևէ բռնի մեթոդ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում