Գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ԳՆ տեղեկատության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Ամերիկյան «Մոնսանտո» ընկերության կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու մասին այսօր մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հարցադրումներին ի պատասխան` հայտնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվել էր համաժողով, որին դեսպանատան հրավերով մասնակցել են մի շարք ամերիկյան կազմակերպություններ, մասնավորապես «Մոնսանտո» ընկերությունը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ընկերության ապրանքները, բարձրացվել են մի շարք հարցեր:
Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը շեշտադրել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը` նշելով, որ Նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով»,-նշում են նախարարությունից:
Նշենք, որ աշխարահռչակ ռոք երաժիշտ, ամերիկաբնակ Սերժ Թանկյանը Հայաստանին կոչ է անում հեռու մնալ ամերիկյան «Մոնսանտո» ընկերությունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Էյչ-Էս-Բի-Սի Բանկը կազմակերպել էին գործարար համաժողով, որի նպատակը ոլորտի հայկական ընկերություններին ամերիկյան հայտնի «Վալմոնտ» և «Մոնսանտո» ընկերությունների փորձի, ապրանքների ու տեխնոլոգիաների ներկայացումն էր ու կապերի ձևավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Թանկյանը խնդրում է, որ Հայաստանը հեռու մնա չարիք համարվող ամերիկյան ընկերությունից
- Ռ. Մանսուր. ԱՄՆ և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 35 տոկոսով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան