Նվազումները կատարվել են միայն ՊՈԱԿ-ների բյուջետային ծրագրերից. Դավիթ Տոնոյան
«2018 թվականի բյուջետային նվազումները կատարվել են միայն ՊՈԱԿ-ների բյուջետային ծրագրերից, որպեսզի փրկարար ծառայության պահպանման ծախսերը 2017 թվականի համեմատ կարողանանք անփոփոխ պահել»,- այս մասին խորհրդարանում այսօր «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։
Նշենք, որ ԱԻՆ-ին բյուջեի նախագծով տրամադրվելիք գումարը շուրջ 175 մլն դրամով պակաս է 2017 թվականին հատկացվածից։
«2017-ին նախարարության ծրագրի գերակայություններից է եղել և 2018-ին շարունակելու է մնալ սահմանամերձ համայնքներում բնակչության հատուկ կարևոր օբյեկտների պահպանությունը, որի նպատակով 10 համայնքում կազմակերպվել են քաղաքացիական պաշտանության ուժերի հենակետեր, որոնք կահավորվել են բյուջեից հատկացված միջոցների տնտեսման հաշվին, իսկ աշխատուժն ապահովվել է կենտրոնական ապարատի հաստիքների կրճատման և այդ հենակետեր տեղափոխելու միջոցով»,- ասաց նախարարը։
Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ 2018-ին նախատեսվում է հենակետեր ստեղծել ևս սահմանային 12 համայնքում՝ ներքին հնարավորություններ օգտագործելու և կենտրոնական ապարատը օպտիմալացնելու միջոցով։
Հանրապետական խմբակցությունից Միհրան Պողոսյանը նախարարից հետաքրքրվեց. «Թե արդյո՞ք կարիք չկա նախարարությունում կադրերի օպտիմիզացիայի խնդիր լուծել, միգու՞ցե համակարգը կադրերով լճացած է։ Վերանայել և աշխատավարձի ֆոնդն ավելի օպտիմալ օգտագործել նախարարության համար»։
Նախարարը պատասխանեց. «Հնարավորինս լճացումը թարմացվում է։ Կրճատումների արդյունքում օպտիմիզացիան իրականացվում է, և մենք բոլոր այդ միջոցներն ուղղում ենք արդիականացմանը»։