Հայկական ծիրանից պատրաստված կոսմետիկան մտնում է բուլղարական շուկա
Այսօր Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն այցելել է Սոֆիայում կազմակերպված «Բնական և կենսաբանական մթերքներ առողջության և գեղեցկության համար» խորագրով տոնավաճառ, որտեղ առաջին անգամ առանձին տաղավարով ներկայացված էր հայկական «Ա.Կ.Լ. Հովհաննիսյան» ընկերության արտադրության բնական կոսմետիկա ծիրանի, ծիրանի կորիզի և մեղրի էկոլոգիապես մաքուր հումքից և ավանդական բաղադրատոմսերով:
ԱԳՆ մամուլի հետ կապի վարչությունը Բուլղարիայում ՀՀ դեսպանության հաղորդագրությանը հղում անելով՝ հայտնում է, որ նշված տեսականին ներկրող բուլղարական «ApricoPro» ընկերության նախագահ Մարգարիտա Վասիլևան տեղեկացրել է, որ նման ապրանքներ Հայաստանից առաջին անգամ են ներմուծվում Բուլղարիա: Գոհունակությամբ նշելով, որ հայկական արտադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել հաճախորդների և մասնագետների շրջանում՝ նա, այնուամենայնիվ, արձանագրել է, որ դեռևս պետք է շատ աշխատել, որպեսզի այն գտնի բուլղարական շուկայում իր պատշաճ տեղը: Վասիլևան ավելացրել է, որ առաջիկայում ընկերությունը ծրագրում է հայկական արտադրանքը ներկայացնել նաև Պլովդիվ, Վառնա և Բուրգաս քաղաքներում:
Դեսպան Ա. Սարգսյանը նշել , որ դեսպանությունը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Բուլղարիայում հայկական ապրանքների ներկայացման և տարածման գործում: Այս առնչությամբ նա տեղեկացրել է, որ դեկտեմբերի սկզբին Սոֆիայում կազմակերպվում է ամենամյա բարեգործական տոնավաճառ, որին առանձին տաղավարով մասնակցելու է նաև Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը: Դեսպանն առաջարկել է «ApricoPro» ընկերությանը հայկական այլ ապրանքների հետ մեկտեղ ներկայացնել նաև իր տեսականին: Նախաձեռնությունն ընդունվել է ընկերության կողմից։