Մասնագետ. Հայաստանում փսորիազով հիվանդ երեխաների թվի կտրուկ աճ է նկատվում
ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանն ահազանգում է՝ Հայաստանում կտրուկ մեծացել է փսորիազով հիվանդ երեխաների թիվը:
«Փսորիազով հիվանդացության առաջին պիկը համարվում է 14-25 տարեկանը: Երկրորդ պիկն էլ 50-60 տարեկանն է, բայց վերջին շրջանում կտրուկ աճ ունենք 0-10 տարեկանների մոտ, դա պայմանավորված է էկոլոգիական պայմաններով, վատորակ սննունդով, սթրեսով: Այդ աճը գնալով ավելանում է, նույնիսկ նորածինների մոտ է հանդիպում»,-ասաց նա:
Կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, աշխարհում մոտ 125 մլն մարդ տառապում է փսորիազ մաշկային հիվանդությամբ: Հայաստանում էլ բնակչության 2-3 տոկոսն ունի նման հիվանդություն: ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն դիմող հիվանդները բավականին ծանր վիճակում են լինում:
Միքայել Սահակյանի խոսքով, հենց այդ պատճառով իրենք բաց դռների օրեր են հայտարարել: Երկու օրվա ընթացքում կենտրոն դիմողների ակտիվությունը մեծացել է, դիմել է մոտ 20 մարդ:
«Ցավոք, հիվանդությունն անբուժելի է, սակայն դա չի նշանակում, որ չի կարելի այն վերահսկել: Կոչ ենք անում դիմել կետրոն, որտեղ կան բոլոր պայմանները՝ հիվանդներին անվճար խորդատվություններ իրականացել»,-ասաց Մ. Սահակյանը:
Նրա խոսքով, ինքնաբուժության, գովազդվող միջոցների՝ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետևանքով մարդկանց վիճակը բարդանում է:
«Սա այն հիվանդությունն է, որ մարդկանց կարող է հասցնել հաշմանդամության»,-ասաց նա:
Կենտրոնի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանի խոսքով, Հայաստանում տարեկան ստացիոնար բուժում է ստանում 600-700 մարդ:
Մանրամասները՝ տեսանյութում: