Բարձր եմ գնահատում բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը. Ռուբեն Սաֆրաստյան
Ցանկացած երկրի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ուժի վրա։ Իսկ այդ ուժը զինված ուժն է։ Եթե դու զինված ես և ուժեղ, քեզ հետ հաշվի են նստում։ Ինչ վերաբերում է դիվանագիտությանը, ապա այն ավելացնում է հաջողության հասնելու հնարավորությունները։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
«Այս առումով մենք պետք է հնարավորինս ուժեղ լինենք՝ և ռազմական, և պետականության հզորության առումներով։ Այս առումով ես բարձր եմ գնահատում ՀՀ նախագահի կողմից առաջ քաշված, բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը։ Մեզ համար ամենակարևորը անվտանգության խնդիրն է, քանի որ սպառնալիքներ կան ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից։ Մեր դիվանագիտության առաջին և ամենակարևոր խնդիրը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է։ Կարծում եմ՝ մենք առայժմ կարողացել ենք լուծել այս խնդիրը։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների դիվանագիտական նախաձեռնություններին՝ ապա կարծում եմ, կարելի էր ավելի նախաձեռնող լինել։ Մասնավորապես, մեր հնարավորությունները սպառված չեն հատկապես Մերձարելյան ուղղությամբ։ Մենք կարող ենք այս ուղղությամբ ավելի ընդգծված ակտիվություն ցուցաբերել։ Այս ուղղությունը շատ կարևոր է։ Մեզ համար մեծ հնարավորություններ են բացվելու նաև ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմամբ։ Սա նոր հնարավորություններ և դիվանագիտության համար նոր դաշտ կբացի»,- նշեց թուրքագետը։
«Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանն իր հերթին նկատեց, որ Հայաստանին մինչ այժմ հաջողվում է բազմավեկտոր քաղաքականություն իրականացնել՝ ինչպես Իրանի և Ռուսաստանի, այնպես էլ արևմտյան կառույցների հետ։ «Արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից այսօր իրար շատ մոտ են հայկական և միջնորդ կառույցների մոտեցումները։ Մենք և միջազգային ընտանիքն այս առումով հայտնվել ենք նույն հարթությունում»,- կարևորեց սփյուռքահայ գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահը հասկացրեց՝ եթե Ադրբեջանը փորձի ձեռնոց նետել, մենք ընդունելու ենք. Կարեն Բեքարյան
- Սերժ Սարգսյան. Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան