Հայաստանում գինու արտադրությունն աճում է, օղունը՝ նվազում
ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 5 872.6 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36.7 տոկոսով: Նշենք, որ 2016թ-ի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել է 4 295.9 հազար լիտր գինի:
Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն ավելացել են 11.4%-ով` կազմելով 357.5 հազար լիտր:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ հունվար-սեպտեմբերին ավելացել են նաև գարեջրի արտադրության ծավալները: Այսպիսով, հանրապետությունում արտադրվել է 17 766.8 հազար լիտր գարեջուր` 2016թ-ի համեմատ աճելով 10.9 %-ով:
Ըստ ԱՎԾ-ի` հանրապետությունում հունվար-սեպտեմբերին արտադրվել է 4 082.2 հազար լիտր օղի և օղու լիկյոր, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 28.2%-ով:
Նշված ժամանակահատվածում 19 տոկոսով նվազել են նաև վիսկիի արտադրության ծավալները: Եթե 2016թ-ի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 1 083.0 հազար լիտր վիսկի, ապա 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 876.7 հազար: