Հայաստանում բժշկական գենետիկայի ոլորտի բարձր որակավորման մասնագետների պակաս կա
Բժշկական գենետիկայի ազգային օրվան նվիրված ԵՊԲՀ-ի և և Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ «Բժշկական գենետիկայի ազգային օր» խորագրով համաժողովը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը համաժողովի բացման ասաց, որ այսօր ամբողջ աշխարհում լուրջ ուշադրություն են դարձնում բժշկական գենետիկայի խնդիրներին: « Հայաստանում ունենք այնպիսի մասնագետներ, որոնք կարևոր դերակատարություն ունեն մեր երկրում բժշկական գենետիկայի ներդրման և զարգացման գործում: Բժշկական գենետիկայի ասպարեզում նոր հեռանկարներ ու հնարավորություններ է բացվել, անգնահատելի է դրա կիրառումը բազմաթիվ հիվանդությունների զարգացման կանխատեսման գործում: Մեզ համար նույնպես կարևոր է այս ոլորտը և հույս ունեմ, որ պետությունն առաջիկայում լուրջ ուշադրություն կդարձնի գենետիկայի զարգացման խնդիրներին»,- ասաց փոխնախարարը:
Panorama.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի դոցենտ, «MEGDAN» ծրագրի ղեկավար Դավիթ Բաբիկյանը նշեց, որ համաժողովի նպատակը բժիշկների և ուսանողների շրջանում գենետիկական գիտելիքների վերաբերյալ իրազեկության բարձրացումն է: Այդ նպատակով Հայաստան են հրավիրվել աշխարհահռչակ պրոֆեսորներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Չեխիայից և Իսրայելից: «Նրանք կներկայացնեն, թե ինչ հաջողությունների են հասել իրենց երկրներում»,- Դավիթ Բաբիկյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանում նկատվում է բժշկական գենետիկայի ոլորտի բարձր որակավորման մասնագետների պակաս: Այսօր, ըստ Դ.Բաբիկյանի, Հայաստանում աշխատում են 4 բժիշկ-գենետիկներ, որոնք ունեն ազգային սերտիֆիկատ և 6 լաբորատոր գենետիկներ, որոնք անցել են եվրոպական սերտիֆիկացիա: Բոլոր մասնագետներն աշխատում են Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում:
«Հայաստանում գենետիկ մասնագետ-խորհրդատուների կարիք ունենք, որոնք կկարողանան համապատասխան հիվանդներին ուղեգրել Գենետիկայի կենտրոն: Ուստի, առաջնահերթ խնդիր է ստեղծել նեղ մասնագետներ, որոնք կունենան ընդհանուր գենետիկայի խորը գիտելիքներ, գենետիկական հիվանդությունների իմացություն: Նրանք պետք է աշխատեն պոլիկլինիկաներում և անհրաժեշտության դեպքում մարդկանց կուղղորդեն Գենետիկայի կենտրոն: Նման մասնագետների կարիք հատկապես ունենք մարզերում»,- ասաց Դավիթ Բաբիկյանը:
Ըստ նրա, այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր ձեռնարկել են և հաջորդ տարվանից Բժշկական համալսարանում տվյալ մասնագիտությամբ ընդունելություն կլինի:
Նշվեց նաև, որ 2014թ-ից Հայաստանում իրականացվում է «MEGDAN» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից և միտված է Հայաստանում բժիշկ-գենետիկների ռեզիդենտական վերապատրաստման և բժիշկ-գենետիկների խորհրդատուների պատրաստմանը: