Հայաստանում գորգերի արտադրությունը շարունակում է նվազել
2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 13.2 տոկոսով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2016թ-ի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել են 15.9 տոննա գորգեր և գորգեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 13.8 տոննա:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս ժամանակահատվածում 15.7%-ով նվազել է նաև գուլպեղենի արտադրության ծավալը: Մասնավորապես, 2016թ-ի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել է 13 020.2 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2017թ-ին՝ 10 980.5 հազար զույգ:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այս տարվա ինն ամիսներին Հայաստանում արտադրվել է 3 121.4 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2016թ-ի հունվար-սեպտեմբերին՝ 2 466.0 հազար հատ: Այստեղ արտադրության ծավալներն աճել են 26.6 %-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում 2.1 անգամ ավելացել են նաև բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Մասնավորապես, այս տարվա ինն ամիսներին հանրապետությունում արտադրվել է 3.5 տոննա բամբակյա գործվածք, իսկ 2016թ-ի հունվար-սեպտեմբերին՝ 1.7 տոննա: