Կապանում կանխվել են ուղղորդված քվեարկության դեպքեր․ «Ելք» դաշինքի անդամ
Ժամը 19։00-ի դրությամբ Կապանի ընտրատեղամասերում ընտրողների մեծ հոսք չէր նկատվում․ հանձնաժողովների անդամների դիտարկմամբ՝ այս անգամ ընտրողներն առավել պասիվ են։ Նրանք կանխատեսում են 50-55 տոկոս ընդհանուր մասնակցություն։
35/25 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Լուսինե Հարությունյանի դիտարկմամբ՝ մարդիկ փոքր-ինչ հոգնել են վերջին շրջանում հաճախ տեղի ունեցող ընտրություններից ու այս անգամ առավել պասիվ են մասնակցում։
Կապանի մեկ այլ՝ 35/24 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արմինե Ավետիսյանը խուսափեց զրուցել Panorama.am-ի թղթակիցների հետ՝ իրեն ուղղված բոլոր հարցերին պատասխանելով՝ «չգիտեմ»։
Փոխարենը նույն հանձնաժողովի՝ «Ելք» դաշինքը ներկայացնող անդամը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ եղել են քվեարկությունն ուղղորդելու փորձեր․
«Օրվա ընթացքում մեր տեղամասում եղել են որոշակի մանր խախտումներ, որոնք զգուշացվելուց հետո վերացվել են։ Օրինակի համար նորություն չեմ ասի, եթե նշեմ, որ մարդիկ ուղղորդվում են, և ներսում կան վստահված անձինք, որոնք շարունակում են դրսի ուղղորդումները։ Որպես հանձնաժողովի անդամ՝ ինչքան էլ փորձենք մեր կատարած աշխատանքով դա վերացնել, այնքան էլ հեշտ չէ։ Ես չեմ ասում, թե եղել են խախտումներ, ես ուղղակի նշում եմ, որ կան մարդիկ, ովքեր փորձում են ուղղորդել քվեարկությունը»,-նշեց «Ելք» դաշինքը ներկայացնող հանձնաժողովականը։
Panorama.am-ի ճշտող հարցին՝ արդյո՞ք սահմանված կարգով արձանագրվել են այդ դեպքերը, վերջինս պատասխանեց․
«Մատյանում չի արձանագրվել, սակայն հանձնաժողովի անդամների համաձայնությամբ եղել է բանավոր զգուշացում և դրանով սահմանափակվել ենք»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ. Ժամը 17-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 40,82 տոկոս
- Կապանում ընտրությունները անցնում են հանդարտ և ոչ այնքան ակտիվ
- Ժամը 14:00-ի դրությամբ Կապանում քվեարկել է 10654 քաղաքացի, Քաջարանում՝ 2781
- Խոշորացված 34 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա