Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ռումինիայի հետ
Հերսոնիսոսում կայացել են Եվրոպայի կանանց թիմային առաջնության 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականը 2-2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Ռումինիայի ընտրանու հետ: Հայաստանյան թիմի կազմում Մարիա Գևորգյանը հաղթել է, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը խաղացել են ոչ-ոքի, իսկ Էլինա Դանիելյանը պարտություն է կրել:
7-րդ տուրից հետո Ռուսաստանի թիմը վաստակել է 13 թիմային միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Վրաստանի թիմը 12 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում:
Թուրքիայի և Լեհաստանի հավաքականները 10-ական միավոր կիսում են 3-4-րդ հորիզոնականները: Հայաստանին ընտրանին 9 թիմային միավորով կիսում է 5-9-րդ հորիզոնականները: Այսօր կայանալիք 8-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Չեխիայի հավաքականը:
Եվրոպայի կանանց թիմային առաջնությանը մասնակցում են 32 հավաքականներ: Մրցաշարում առաջին դասակարգվածն է Ռուսաստանի թիմը: Հայաստանի հավաքականը միջին գործակցով 11-րդն է: Հայաստանի ընտրանու մարզիչն է գրոսմայստեր Արթուր Չիբուխրյանը: Եվրոպայի կանանց թիմային առաջնության խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է Գերմանիայի թիմին
- Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի մրցակիցները յոթերորդ տուրում
- Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը զիջել է Ադրբեջանին
- Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ
- Շախմատի թիմային ԵԱ. Մարիա Գևորգյանը Հունաստան-1-ի հետ խաղում հաղթանակ է բերել թիմին