Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը պետք չէ կապել ԼՂ խնդրի հետ. Աշոտ Մանուչարյան
Եվրասիական միությունը երբևէ ԵՄ հետ կապված որևէ առարկություն չի ունեցել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«ԵՄ հետ համաձայնագիր ստորագրելու առաջարկն առաջին անգամ բաց հնչեցրել են 2013 թ. մայիսին, դրան անմիջապես հետևեց Ռուսաստանի արձագանքը: Դեռ ԵՏՄ ստեղծված չէր, և Ռուսաստանն ասաց՝ շատ լավ, թող լինեն և նա, և նա: Անմիջապես հետևեց համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի ներկայացուցչի կարծիքը՝ ոչ մի դեպքում, կամ մեկը, կամ մյուսը»,- ասաց նա: Ըստ Մանուչարյանի՝ հենց օլիգարխիայի կարծիքին էլ հետևեց Ռուսաստանի պարտադրանքը՝ «կամ…, կամ…»:
Բանախոսի համոզմամբ՝ Եվրոպական միությունն անընդհատ շփոթում ենք Եվրոպայի հետ, մեզ թվում է՝ դա Եվրոպայի ստեղծած կառույցն է, մինչդեռ այն համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի ստեղծած կառույցն է, որ նպատակ ունի կառավարել Եվրոպան, այն վերածել հնազանդ գործիքի:
Մանուչարյանը դժվարացավ պատասխանել՝ կստորագրվի՞ արդյոք Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, թե՞ ոչ: Նրա խոսքով՝ Հայաստանի հետ կապված առանձին հարց չի մնացել, և սխալ է այս համաձայնագրի ստորագրումը կապել ԼՂ խնդրի հետ:
«Ղարաբաղը վաղուց դարձել է այդ համաշխարհային գործընթացի գործիք: Կարևորը ստորագրման պահն է, այն, թե այդ պահին աշխարհում ինչ իրավիճակ կլինի: Մենք չգիտենք՝ այդ պահին ինչ կլինի Իրաքում, Սիրիայում, Կորեայում»,- ասաց նա:
Բանախոսը համոզված է՝ ամեն դեպքում՝ համաձայնագրի թե ստորագրման, թե չստորագրման պարագայում, մեզ համար կյանքը որևէ փոփոխություն չի կրելու: