Շատինցիները փակել են Մարտունի տանող ճանապարհը և պահանջում են անվավեր ճանաչել ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի և հարակից մի քանի համայնքների բնակիչները փակել են դեպի Մարտունի տանող ճանապարհը և պահանջում են անվավեր ճանաչել նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Խոշորացած համայնքում համայնքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը, մինչդեռ բնակիչները համոզված են, որ իրականում հաղթել է Շատինի նախկին համայնքապետ Տիգրան Խուդոյանը:
Ոստիկանությունից Panorama.am-ի թղթակցին հայտեցին, որ քիչ առաջվա տվյալներով, իրավիճակը վերահսկողության տակ է, տեղում հասարակական կարգը պահպանում են ոստիկանները։
Վայոց Ձորի մարզն ընդգրկող թիվ 36 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աղվան Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ պարտություն կրած թեկնածուից՝ Տիգրան Խուդոյանից, ձայների վերահաշվարկի դիմում չի ստացվել։ Օրենքով սահմանված կարգով թեկնածուն նման պահանջով կարող է դիմել կամ այսօր՝ մինչև ժամը 18։00-ն, կամ ամենաուշը վաղը՝ ժամը 09։00-ից 11։00-ն։
Հարցին՝ արդյոք ընտրախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմվել են, Աղվան Հարությունյանը պատասխանեց. «Գրանցամատյաններում որոշ խախատումների մասին նշումներ կան։ Մեր հանձնաժողովը դրանց վերաբերյալ սահմանված ժամկետներում համապատասխան որոշումներ կկայացնի։ Բայց դրանք ընտրությունների արդյունքների վրա որևէ էական ազդեցություն չեն կարող ունենալ»։
Թե կոնկրետ ինչ խախտումների մասին էր խոսքը, թիվ 36 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը դժվարացավ նշել՝ տեղեկացնելով, որ այդ պահին հանձնաժողովում չէ, և գրանցամատյաններն իր ձեռքի տակ չեն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները