Բաբլոյանը՝ ֆրանսիացի դեսպանին. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն այլընտրանք չունի
«Շնորհակալ ենք Ֆրանսիային այս հակամարտությանը խաղաղ լուծում տալուն ուղղված ջանքերի համար: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն այլընտրանք չունի»,-ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ հանդիպմանը:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ նախագահն ընդգծել է ֆրանսիական մշակույթի, գրականության և լեզվի ազդեցության նշանակությունը Հայաստանի համար՝ այս համատեքստում կարևորելով 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացումը մեր երկրում: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է զարգացնել և խորացնել Ֆրանսիայի հետ համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ կրթական, մշակութային, առողջապահական և այլ:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիայի հետ կապված իրադարձությունները ՀՀ Ազգային ժողովի և հատկապես ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ուշադրության կենտրոնում են:
Արա Բաբլոյանն իր աջակցությունն է հայտնել նորանշանակ դեսպանին՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների խորացմանն ուղղված ծրագրերին օժանդակելու գործում:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել Ֆրանսիան:
Դեսպանն անդրադարձել է Ֆրանսիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարելիցին և կարևորել հաջորդ տարի սպասվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացումը Հայաստանում:
Դեսպանը գագաթաժողովի անցկացումը Հայաստանում դիտարկել է որպես բոլոր տեսանկյուններից կարևոր իրադարձություն երկու երկրների համար, որը թույլ կտա կազմակերպության անդամ երկրներին համախմբվել մարդասիրական ընդհանուր գաղափարների շուրջ:
Ջոնաթան Լաքոթն անդրադարձել է նաև Հայաստանում ֆրանսիական մշակութային և կրթական նոր կենտրոնների ստեղծմանը և զարգացմանը՝ հաշվի առնելով ֆրանսիական կրթօջախների նկատմամբ եղած հետաքրքրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում