ԿԸՀ-ն տեղամասային կենտրոններից և ընտրողներից մի շարք ահազանգեր է ստացել. Տիգրան Մուկուչյան
Երեկ ՀՀ մի շարք համայքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ ԿԸՀ-ն ստացել է մի շարք ահազանգեր՝ ինչպես տեղամասային կենտրոններից, այնպես էլ ընտրողներից։ «Ազատություն» ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Ահազանգերի մի մասը վերաբերում էր տեղեկություններ ստանալուն։ Ինչ վերաբերում է կուտակումներին, ապա շատ հաճախ կուտակում է ընկալվում այն հանգամանքը, երբ ընտրատեղամասերի առջև ընտրողների հերթեր են գոյանում։ Դա բնավ չի կարող դիտարկվել որպես կուտակում։ Իսկ իրական կուտակումներ հայտնաբերելու դեպքում արձագանքը եղել է անմիջապես։ Կապ է հաստատվել տարածքային ընտրական հանձնաժողովի, տեղամասային ընտրական հանձնաժողովի, ոստիկանության հետ, որպեսզի մարդիկ արագորեն հեռացվեն անթույլատրելի հատվածից»,- նշեց Տիգրան Մուկուրչյանը։
Վերջինս հիշեցրեց, որ կիրակի օրը ՏԻՄ ընտրություններ անցկացվել են մոտ 350 համայնքներում, ընտրատեղմասերի թիվը կազմել է 527։ Նման ծավալների պարագայում, ԿԸՀ նախագահի խոսքով, խախտումները խիստ փոքրաթիվ են եղել։
Անդրադառնալով օգնելու նպատակով ընտրողներին ուղեկցող քաղաքացիներին՝ Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ օգնողների ինստիտուտը սահմանված է Ընտրական օրենսգրքով։ Նա, սակայն, չբացառեց, որ ինստիտուտը ոմանց կողմից կարող է ի չարս օգտագործվել։
Ինչ վերաբերում է Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի բնակիչների պնդումներին, որ Արթուր Ստեփանյանը խոշորացված համայնքի համայնքապետ ընտրվել է ընտրակեղծիքների միջոցով (գյուղացիները փակել են դեպի Մարտունի տանող ճանապարհը և պահանջում են անվավեր ճանաչել նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ խմբ.), Տիգրան Մուկուչյանը նկատեց՝ նշված համայնքում ընտրությունների օրը որևէ խախտման վերաբերյալ ահազանգ ԿԸՀ չի ներկայացվել։
«Ընտրություններն ընթացել են բնականոն հունով, Ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքի վերաբերյալ խոսակցություններին, ապա եթե քարոզարշավի ընթացքում որևէ մեկն իմացել է բաժանվող կաշառքի մասին, պետք է պահ առաջ դիմեր իրավապահներին։ Հակառակ պարագայում խոսել այս կամ այն երևույթի առկայության կամ բացակայության մասին, տեղին չէ։ Մենք խոսում ենք հանցագործության մասին, իսկ հանցագործության մասին խոսելիս պետք է վկայակոչել առերևույթ փաստեր »,- ամփոփեց ԿԸՀ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Շատինցիները փակել են Մարտունի տանող ճանապարհը և պահանջում են անվավեր ճանաչել ՏԻՄ ընտրությունների արդյունքները
- Խոշորացված 34 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները