Արմեն Գյոզալյան. Էդգար Ստեփանյանի հետ աշխատելն ուղղակի հաճույք է
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն աշխարհի գավաթի խաղարկության փուլի սկրեչ մրցաձևում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Մեծահասակների մրցաշարում սա Ստեփանյանի առաջին մեդալն է։ Հեծանվորդի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանը գերազանց է գնահատել իր սանի մրցելույթները.
«Շատ գոհ եմ Էդգարից։ Անչափ կարեւոր ու թանկ միավորներ վաստակեցինք՝ մոտ 450, ավելի հստակ պարզ կլինի հաջորդ շաբաթ։ Սա նշանակում է, որ Ստեփանյանը կբարելավի դիրքը վարկանիշային աղյուսակում։
Բավականին ուժեղ մրցաշար էր, որին մասնակցում էին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները, օլիմիպիական խաղերի մասնակիցներ։ Էդգարը մեծահասակների հետ պայքարեց հավասարը հավասարի հետ։ Նորից կասեմ՝ նա մարտիկ է, մինչև վերջ պայքարող։ Էդգարը սիրում է նոր մարտահրավերներ և պատվով է կատարում դրանք։ Ինձ համար ուղղակի հաճույք է նրա հետ աշխատելը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Լեհաստանից ասել է Արմեն Գյոզալյանը։
Մարզիչը նշել է, որ Էդգար Ստեփանյանի արծաթե մեդալն առաջինն է նաև անկախ Հայաստանի պատմության մեջ՝ մեծահասակների մրցաշարում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Էդգար Ստեփանյանի գլխավոր նպատակը 2018 թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելն է ու օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը։