ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո գնաճային ճնշումները մեծանալու են. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկումը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2018 թ-ի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց. «Կառավարությունը հաշվարկել է, որ 2018-ին ունենալու ենք 3.5 տոկոս գնաճ։ Ինչքանո՞վ է արժանահավատ այս տվյալը, մանավանդ եթե հաշվի ենք առնում, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո գնաճային ճնշումները մեծանալու են։ Արդյո՞ք այդ հանգամանքի բերումով լայն սպառման մի շարք ապրանքներ թանկանալու են։ Կարագն արդեն իսկ թանկացել է, դա կշարունակվի, թե չէ»:
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Դուք, հավանաբար, դեֆիլյատորը նկատի ունեք 3.5 տոկոս, որովհետև նախագծով գնաճը նախատեսվում է 4 գումարած/հանած 1.5 տոկոս միջակայքում։ Այդ տեսակետից արժանահավատությունը կասկած չի հարուցում, գոնե այն կանխատեսումների շրջանակում, որոնք մենք ունենք։ Եթե կանխատեսումները ոչ բավարար են թվում, մենք պատրաստ ենք դրանց շուրջ քննարկումներ իրականացնել»։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի կիրառումից հետո 2018թ-ի գնաճին, փոխնախարարը նշեց, որ կան որոշ ապրանքատեսակներ, որոնք կարող են այլ վարքագիծ ունենալ, քան ընդհանուր խումբը, որը գնահատում է գնաճը:
Փաշինյանն արձագանքեց, որ որոշ փորձագետների կանխատեսումներով, մի շարք ապրանքատեսակներ թանկանալու են։
«Ինչ վերաբերում է փորձագետների կարծիքին, դրանց դժվար է որևէ կերպ արձագանքել, քանի որ դրանց տակ եղած դատողությունների համակարգը բացակայում է, հիմնավորումներ չկան, այն, ինչ ներկայացվել է նախագծում, դրանից ավելի լավ կանխատեսում ունենալ չենք կարող»,-հավելեց Ջանջուղազյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան