Եվրոպական խորհրդարանի հետ մեր աշխատանքները նոր որակ պետք է ստանան. Արմեն Աշոտյան
Հայկական պատվիրակությունը երեք օր է՝ վերադարձել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովից: ԱԺ-ում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ պետք է վերագնահատել եվրոպական կառույցների հետ խորհրդարանական համագործակցության կարևորությունը:
«Վերագնահատման հիմքում պետք է ընկած լինի շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման ակնկալվող փաստը: Եվրոպական խորհրդարանի հետ մեր աշխատանքները նոր որակ պետք է ստանան: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ եվրոպական կառույցները խոշոր քաղաքական օրակարգի մաս են և Հայաստանի պետական շահերը առաջ մղելու գործում եվրոպական ինստիտուտների դերը շատ հատկանշական է:
Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ԵԽԽՎ-ում հայտնի կոռուպցիոն սկանդալների բացահայտումներից հետո տեսանելի են ադրբեջանական լոբբիզմի անառողջ դրսևորումները: Եվ վերջապես չորրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Արևելյան գործընկերության ձևաչափում ներառված երկրները երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևոր երկրներ են և ճիշտ կլինի այդ հարթակն օգտագործել»,- նշեց բանախոսը:
Արմեն Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ Եվրանեսթի նիստի ընթացքում ընդունվել է չորս զեկույց, որոնք վերաբերել են էներգետիկ, տնտեսական, սոցիալական և քաղաքական ոլորտներին: Ընդունվել է նաև երեք հրատապ բանաձև, որոնցից մեկը ներկայացված է եղել հայկական պատվիրակության կողմից: Այն վերաբերել է ռոբոտացված համակարգերով մահաբեր զենքի արտադրությանը, արտահանմանն ու օգտագործմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան