Սննդագետ. Պետք է վախենալ ոչ թե ամերիկյան ընկերությունից, այլ ոլորտի բարձիթողի վիճակից
Ամերիկյան «Մոնսանտո» ընկերության հնարավոր մուտքը Հայաստան ոչ ավելացրել, ոչ էլ նվազեցրել են սննդագետի մտահոգությունները:
Դոկտոր Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում բարձիթողի վիճակ է, չկա նորմալ օրենսդրություն, վերահսկողություն, ագրարային քաղաքականությամբ զբաղվողները ձեռքերը ծալած նստած են, քանի որ նրանց չի հետաքրքրում ոչ Հայաստանի զարգացումը, ոչ սպառողի շահի պաշտպանությունը:
«Սա անհոգատար, ոչ սրտացավ վերաբերմունք է»,-ցավ հայտնեց Պիպոյանը:
Անդրադառնալով ամերիկյան ընկերության վերաբերյալ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանի հայտարարությանը, որից հետո հարցը սկսեց քննարկվել, սննդագետը նշեց, որ Հայաստանում սննդամթերքի անվտանգության խնդիրները լուսաբանվում ու հանրայնացվում են ոչ պրոֆեսիոնալ տեսակետից:
«Ցավալի ու անհանգստացնող է այն, որ ամերիկյան «Մոնսանտո» ընկերության կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու վերաբերյալ հասարակական արձագանքը եղավ հենց Թանկյանի գրառումից հետո, այն դեպքում երբ այդ ընկերության դեմ բողոքի ակցիաներն ու նրա գործունեության հետ կապված սկանդալները հայտնի են ողջ աշխարհում: Եթե կա նմանատիպ խնդիր, ուրեմն չի կարող իրավական, անվտանգության առումով հենք չունենալ»,-ասաց նա:
«Մոնսանտո» ընկերությունը ահռելի մեծ է, հարյուր հազարավոր գումարներ է ծախսում լոբբիստական աշխատանքի համար:
Անդրադառնալով գենետիկորեն ձևափոխված մթերքի վերաբերյալ հարցերին, ինչի հետևանքով էլ ամերիկյան այդ ընկերությունը դարձել է քննարկման առարկա, սննդագետը հիշեցնում է, որ եվրոպական մի շարք շատ զարգացած երկրներ՝ ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան թույլ չեն տալիս ԳՁՕ-ի կուլտիվացիա իրենց երկրի տարածքում:
«Այսօր Իտալիան ամբողջ աշխարհին շատ բարձրարժեք ու թանկարժեք մթերք է մատկարարում, իր ազգային շահից չի բխում իր գյուղատնտեսությունը փչացնել ԳՁՕ-ով»,-բացատրեց մասնագետը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Դավիթ Պիպոյանն արձանագրեց, շուկան բաց է, բարձիթողի վիճակում, ինչը հնարավորություն է տալիս կամայական մարդու զբաղվել նրանով, ինչով ուզում է, այդ թվում երկիրը աղտոտելով ԳՁՕ սերմերով, ինչը մեծապես վտանգում է օրգանիկ գյուղատնտեսությանը: Հաշվի առնելով Հայաստանի կլիմայական պայմանները, տարածքի փոքրությունը, սակավահող լինելը, կենսաբազմազանությունը՝ նա անթույլատրելի է համարում ԳՁՕ-ի արտադրությունը:
«Հայաստանի պարագայում տարբերություն չկա, թե որ ընկերությունն է, դու բացել ես դաշտը: Հայաստանն աշխարհին կարող է ներկայանալի դառնալ բարձրարժեք մթերքով: Մեր նման երկրում ԳՁՕ սննդամթերքի արտադրության հարցը չպետք է քննարկվի, այն պետք է արգելվի ու վերջ: Բացի այս ամենը, մենք չունենք ենթակառուցվածքներ ու ֆինանսական միջոցներ ռիսկերի գնահատման համար: Այս պարագայում լավագույն տարբերակը նախազգուշավորության սկզբունքն է՝ արգելել»,-ասաց նա:
Նա համարում է, որ Հայաստանում այդ ոլորտը շատ խոցելի է մի քանի առումներով:
«Սննդամթերքի անվտանգության ու ագրոպարենային ապրանքների շրջանառության ոլորտում մենք ունենք 1937 թվականի մակարդակ: Եթե խորհրդային միության տարիներին մորթն իրականացվում էր սպանդանոցներում, գործում էին սանիտարական օրենքներ, ապա մեր առաջիկա ռազմավարական ծրագրերը վերաբերում են այդ մակարդակին հասցնելուն»,-ասաց Պիպոյանը:
Նրա խոսքով, այսօր էլ մարդիկ ճամպրուկներով ԳՁՕ սերմեր են բերում, Հայաստանում աճեցնում: Դրա մասին հայտարարվել է նաև ԱԺ-ում, երբ քննարկում էին սերմերի ներմուծման ազատականացման հարցը: Հետագայում այդ հողերում հնարավոր չէ հիմնել օրգանիկ գյուղատնտեսություն։
2012 թ Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի և ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համատեղ ուսումնասիրությունների ու փորձարկումների հետևանքով խայտառակ պատկեր է բացահայտել երևանյան շուկաներում:
«Իրացվող պտուղ բանջարեղենի ահռելի մաս գենետիկորեն ձևափոխված էր: Վաճառվում էր պարենի համար ոչ պիտանի եգիպտացորեն: Այսօր էլ վտանգ կա, որ անասնակերի համար աճեցված կամ տեխնիկական նշանակության եգիպտացորենը դուք շուկայից կարող եք ձեռք բերել որպես պարենի համար նախատեսված եգիպտացորեն: Դա կարող է մարդու առողջության վրա բացասական ազդեցություն թողնել»,-ասաց մասնագետը:
Անդրադառնալով այն պնդումներին, որ ԳՁՕ պարունակող սննդամթերքը վտանգավոր չէ առողջության համար, սննդագիտության դոկտորը հիշեցնում է, որ դրա ռիսկի գնահատումը ենթադրում է նաև թունաբանական փորձաքննություն, իսկ դա նշանակում է, որ այն ռիսկեր է պարունակում:
«Կամայական բան, որը կարիք ունի երաշխավորման, ուրեմն ինչ-որ վտանգներ պարունակում է»,-ընդգծեց մասնագետը:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ
- Սերժ Թանկյանը խնդրում է, որ Հայաստանը հեռու մնա չարիք համարվող ամերիկյան ընկերությունից
- Գ. Ավետիսյան. Ալերգիկ մարդկանց խորհուրդ եմ տալիս չօգտագործել ԳՁՕ պարունակող սննդամթերք
- ԳՁՕ-ների առկայության մասին տեղեկատվությունն ավելի մատչելի կդառնա սպառողների համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան