«Փող կա ոստիկանության համար նոր ջրցաններ, մահակներ առնելու, բայց կրթության համար փող չկա՞». քննարկում
«Կրթության ոլորտի ֆինանսավորման նվազեցումը՝ հօգուտ մյուս ոլորտների կարող է ճակատագրական լինել»,- այսօր «Կրթության ֆինանսավորման կրճատում» թեմայով կազմակերպած հանրային քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ նվազեցնելով, հետագայում մեր երկիրը կարող է չունենալ այն ռեսուրսը, որն անհրաժեշտ է տնտեսական զարգացման համար։
«Քաղաքական կամքի դեպքում կարելի է գումարներ գտնել: Օրինակ՝ ավելացվում է ոստիկանությանը հատկացվող բյուջեն, քանի որ նպատակ կա այն ուժեղացնել:
«Այս հարցը պիտի դրվի Հանրապետական խմբակցության ու «Դաշնակցության» առջև: Հնարավոր է այդ վերաբաշխումները կատարել ու մանկապարտեզներն ամբողջ երկրում վճարովի դարձնել»,- նշեց նախաձեռնության անդամը։
Քննարկման մասնակիցներից Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանն ասաց. «Մենք չգիտենք՝ ուր ենք գնում կրթության մեջ, այդ պատճառով էլ չի մշակվում նորմալ կրթական ռազմավարություն: Կրթությունն ամենևին մարգինալ չէ երկու պարզ պատճառով, կրթությունն այն հենքն է, որի վրա մենք կարող ենք ստեղծել ժողովրդավար պետություն, և կրթությունն այն ոլորտն է, որի մեջ ամենամեծ հասարակական ընդգրկվածություն կա: Եթե մենք կարողանանք նորմալ կրթություն տալ, կարող ենք նաև ժողովրդավարական երկիր ստեղծել»։
Նրա խոսքով՝ ամեն տարի Հայաստանում ֆինանսավորման գումարը բացարձակ թվերով իջնում է. «Եթե գիտելիքահեն տնտեսություն ենք ուզում, ակնհայտ է, որ ոլորտի զարգացման համար պետք է ներդրում կատարվի»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի խոսքով՝ շատ լավ հասկանում են, որ ավելի կենսական նշանակություն ունեցող ոլորտներ կան, որոնց հատկացումներ են պետք, սակայն կրթությանը հատկացվող գումարը շատ քիչ է:
«Իմ կարծիքն առանձնապես չի տարբերվում մյուս մասնակիցների դիրքորոշումից։ Այս իշխանություններին պետք է բանակը, ոստիկանությունը, բոլորովին չի կարևորվում կրթությունը, գիտությունը, դա բեռ է բյուջեի վրա։ Ինչ է ստացվում, փող կա ոստիկանության համար նոր ջրցաններ, մահակներ առնելու, բայց կրթության համար փող չկա՞»,- ասաց պատգամավորը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ պետք է հասկանալ, եթե կրթության ոլորտում կրճատումներ են արվել, ապա ո՞ր ոլորտում ենք շահել։
«Մի բան է, երբ ձեռքերդ լվանում ես, մի բան է, երբ փորձում ես ելքեր գտնել։ Կրթության ոլորտի ֆինանսավորումը, իմ կարծիքով, լուրջ չէ, սա շատ վատ իրավիճակ կարող է ստեղծել հասարակության մեջ»:
Նշենք, որ 2018 թվականի բյուջեի նախագծով կրթության ոլորտին նախատեսվում է տրամադրել 127 մլրդ դրամ, որը 0,6 մլրդ-ով պակաս է 2017-ին հատկացված ցուցանիշից։ Նախօրեին ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրչյանը նշեց, որ այս նվազումն իրենց ընկալմամբ, պիտի ազդեցություն չունենա կրթության բնագավառի որակական ցուցանիշների վրա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան