32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը. փորձագետները փաստել են, որ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել անհրաժեշտ բժշկական միջոցառումները:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նոյեմբերի 29-ին վարույթն իրականացնող մարմինն ստացել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Ըստ այդմ՝ փորձագետները կնոջ մոտ ախտորոշել են ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասություն։
32-ամյա կնոջը ցուցաբերված բուժօգնության, ինչպես նաև ծննդալուծման պրոցեսի վարման ընթացքում և հետծննդաբերական շրջանում ցուցաբերված բուժօգնության, մասնագիտական բժշկական բացթողումների հետ կապված հարցերի պարզաբանման համար քննիչը դեռևս 29.11.2016 թվականին նշանակել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:
2017 թվականի նոյեմբերի 3-ին ստացվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն` 32-ամյա կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում և արյունահոսության դադարեցում։ Ըստ փորձագետների՝ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել բժշկական անհրաժեշտ միջոցառումները, որն էլ գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման և նրա մահվան հետ:
Նախաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ ծննդկանի՝ ծննդաբերությունն ընդունած մանկաբարձ-գինեկոլոգը 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Դիլիջան-Երևան ավտոճանապարհին իր վարած ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և մահացել:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, որի մասին ՔԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան