«Լինելու է տարկետում». ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում
Այսօր Երևանի Պետական Համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել՝ Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենքի նախագծի դեմ։
Ուսանողները հավաքվել էին ԵՊՀ բակում և վանկարկում էին. «Լինելու է տարկետում», «Դասախոս, միացի՛ր»։
Հավաքված ուսանողները անցնում են տարբեր ֆակուլտետներով և կոչ անում բոլորին միանալ իրենց:
Քիմիայի ֆակուլտետի դիմաց անվտանգության աշխատակիցը ուսանողներին թույլ չտվեց ներս մտնել:
Աշխարհագրության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը ուսանողների և լրագրողների հետ զրույցում նշեց. «Տարկետման իրավունքը սոցիալական արդարության խախտում է, բոլորը պետք է ծառայեն հայոց բանակում։ Գիտությամբ զբաղվող մարդուն ծառայությունը չի խանգարում, այլ ավելի է կոփում։ Ես ձեր կողքին եմ, բայց ճիշտ քայլերով։ Տղանե՛ր, իմ կարծիքն է, բանակում պետք է ծառայի ցանկացած տղա։ Ի՞նչ է, Ղարաբաղում ծնված հայը պետք է առանց տարկետման իրավունքի ծառայի բանակում, իսկ Հայաստանում ծնված հայ երիտասարդը չպե՞տք է ծառայի, ինչ է, մեր արյունը կարմի՞ր է, նրանցը սև»։
Ուսանողները շարժվեցին դեպի Մայր բուհի «սև մասնաշենք» և «դասադուլ» գոչելով, կոչ են անում այնտեղի ուսանողներին ևս միանալ իրենց։
«Այո, կրթական համակարգում կա կոռուպցիա, կան մարդիկ, ովքեր ասպիրանտուրան օգտագործում են որպես բանակից խուսափելու ձև, բայց կան մարդիկ, ովքեր իսկապես զբաղվում են գիտությամբ, սովորում են։ Եվ նույնիսկ եթե կրթական համակարգում կոռուպցիա կա, այդ խնդիրը պետք է լուծվի կրթական համակարգի ներսում ու տարկետման ինստիտուտի վերաբերյալ այս օրինագիծն այդ խնդիրը չի վերացնելու»,-իր կոչում նշեց ուսանողներից մեկը։
Նաև հայտնեց, որ իրազեկման գործընթացը շարունակվում է, պետք է այնպես անեն, որ կարողանան արդյունքի հասնել։
Հարակից հրապարակումներ`
- Ծառայությունից տարկետումները կոռուպցիոն ռիկսեր են ստեղծում. փորձագետ
- Աշխարհի լավագույն բուհերում սովորողներին տարկետման իրավունք կտրվի. Արծրուն Հովհաննիսյան
- Տարկետումը չի վերանում, դրա ձևաչափն է փոխվում. ՀՀԿ-ական պատգամավոր
- Ուսանողները՝ ԱԺ շենքի դիմաց
- Բողոքի ակցիա՝ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան