Առողջապահական բյուջեի նվազումը բացասբար կազդի համակարգի վրա. փորձագետ
Առողջապահության ոլորտի բյուջեի նվազումը բացասական ազդեցության կունենա առողջապահական համակարգի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, փորձագետ Մովսես Արիստակեսյանը:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությանը 2018թ-ի պետական բյուջեով կտրամադրվի շուրջ 80.1 մլրդ դրամ, ինչը 5.8 մլրդ-ով պակաս է 2017թ-ի հատկացումից:
«Մեր կազմակերպության գնահատականներով՝ առողջապահական համակարգի վրա պետք է ծախսել առնվազն 200-220 մլրդ դրամ, սակայն բյուջեի կրճատումով նպատակային ծրագրերի իրականացումը դժվար կլինի»,- ասաց Մովսես Արիստակեսյանը:
Անդրադառնալով սոցփաթեթին՝ նա նշեց, որ շահառուներն արդեն մեկ ամիս է՝ ապահովագրական ընկերությունների միջոցով են ստանում ծառայությունները:
«Սոցփաթեթի շահառուները կարող են որոշակի ծավալի բժշկական անվճար օգնություն ստանալ: Եթե նրանք նախկինում պոլիկլինիկաներում անվճար բուժօգնություն կարող էին ստանալ 8 հազար դրամի սահմաններում, հիմա այս գումարը նվազեցրել են 5850 դրամի: Ընդ որում, դրանից հանվել է գլյուկոզայի մակարդակի հետազոտությունը: Այսինքն՝ սոցփաթեթի շահառուները այսուհետև ավելի քիչ ծավալով են ստանալու այդ հետազոտությունները»,- ասաց նա:
Խոսելով բժշկական հաշտարարի ինստիտուտի մասին՝ Մովսես Արիստակեսյանն ասաց, որ այստեղ ևս խնդիրներ է տեսնում: Նա կարծում է, որ բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի փոխարեն պետք է լիներ առողջ ապրելու իրավունքի պաշտպանի օրենք: